Դեկտեմբերի 2-ին թիվ 28 մանկապարտեզի 4 ամյա սանի մահվան դեպքով իրավապահները մանկապարտեզի սննդից նմուշներ են վերցրել՝ պարզելու հնարավոր սննդային թունավորման վարկածը, ինչը անմիջապես հերքվել է: Այս մասին Aravot.am-ին ասաց մանկապարտեզի գործավարուհին՝ Ժենյան:
Նրա խոսքով. «Դաստիարակի օգնականը երեխայի մոտ է եղել այդ պահին, երեխան թուլացել է, ուշքը գնացել է: Օգնականը փորձել է ջուր խմեցնի, որ տեսնի՝ միգուցե սթափվի երեխան, բայց անմիջապես գիտակցությունը կորցրել է: Ու այդ պահին բոլորս փորձում էինք ամեն կերպ երեխային հետ բերել, մի պահ հետ եկավ, հետո նորից գիտակցությունը կորցրեց»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ երեխայի բժշկական թղթերում որեւէ հիվանդության մասին նշում չկա. «Բոլորիս համար էլ նորություն չէ, որ մեր հայերը սիրում են թաքցնել իրենց երեխաների խնդիրները, հիվանդությունները: Դրա համար չի կարելի հիմնվել նրա վրա, որ բժշկական թղթերում նշում չի եղել»: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը երեխայի մահվան պատճառի վերաբերյալ մամուլում շրջանառվող որեւէ վարկած չհաստատեց. «Ավելի ճիշտ կլինի սպասենք պաշտոնական հաղորդագրությանը, այդ ժամանակ բոլորս էլ կիմանանք»:
Մանկապարտեզի աշխատակցուհու խոսքով, երբ երեխայի ինքնազգացողությունը վատացել է, անմիջապես զանգահարել են մորը, բայց նա այդ պահին չի արձագանքել մանկապարտեզի զանգին ու մեկ այլ ծնող իր մեքենայով երեխային շատ արագ տեղափոխել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ մամուլում երեխայի մահվան դեպքով երկու վարկած է շրջանառվում, երիկամներում ուռուցք ունենալը եւ սրտի արատը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ