Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե տարիներ առաջ ինչ պատճառով էր հեռացվել նաեւ ՀՅԴ-ից:
Աղազարյանն ասաց՝ հեռացման վաղեմության ժամկետը հենց լրանա, ինքը կհայտնի: Aravot.am-ը փորձեց հեռացման պատճառը պարզել ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից: Վերջինս ասաց, որ լավ չի հիշում, բայց ներքին կարգապահական հարցերի պատճառով էր:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ եւ ԳԽ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռացումը ՀՅԴ շարքերից դեռ այն ժամանակ մամուլում դիտվել էր որպես ներկուսակցական հակասությունների արդյունք, իսկ բուն պատճառների մասին նա այն ժամանակ էլ չէր ցանկացել խոսել: Փոխարենը ամեն ինչ անում էր կրկին վերականգնվել այն կուսակցության շարքերում, որտեղից հեռացվել էր՝ «Առավոտին» խոստանալով, որ եթե իրեն չհաջողվի վերականգնել այդ կուսակցությունում իր անդամակցությունը, այլեւս ոչ մի կուսակցության չի անդամագրվի, կամ կուսակցություն չի հիմնադրի:
2012-ին արդեն գործազուրկ եւ անկուսակցական Հովիկ Աղազարյանը կրկին հայտնվեց մամուլում այս անգամ որպես նախագահի թեկնածու:
Կարդացեք նաև
Նա դեռ այդ ժամանակ էր հայտարարել, որ եթե չանցնի անցողիկ շեմը հաճույքով կպաշտպանի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Հովիկի անկեղծությունը հասնում է անմեղսունակության աստիճանի: Ես մնում եմ այս տեսակետին, թեեւ այն հանգամանքի, որ ժամանակին նա նախաձեռնել է ինձ Դաշնակցությունից հեռացնելու գործընթացը, ընդ որում, Դաշնակցության կանոնադրությանը հակառակ: Միեւնույնն է՝ ես Հովիկին համարում եմ անկեղծ ու ազնիվ մարդ՝ անմեղսունակության աստիճան: Այն, ինչ հիմա նա անում է, բխում է իր անկեղծ ու ազնիվ մղումներից: Հիմա թե դա ինչքանով է ազդում այդ մարդու կենսագրության ու ճակատագրի վրա, չեմ կարող ասել»,- Aravot.am-ին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Մեր զրուցակիցը տարօրինակ հանգամանք է համարում Աղազարյանին ՔՊ շարքերից հեռացնելու որոշումը. «Կուսակցության վարչության նախագահը նրան խնդրել է, Հովիկը մերժել է այդ խնդրանքը: Չեմ կարծում, որ իրենց կուսակցության կանոնադրության մեջ արձանագրված է, որ եթե կուսակցության անդամը մերժում է կուսակցության վարչության նախագահի խնդրանքը, ոչ թե պահանջ է կամ պարտադրանք, ապա այդ մարդը պետք է հեռացվի կուսակցությունից: Իրավունք չունեն հիմա որեւէ պատճառաբանություն բերել: Հ1-ով Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը խնդրանքով է դիմել ու չի մասնավորեցրել, որ այլ պատճառներ կան: Ու եթե մարդուն խնդրանքը մերժելու համար կուսակցությունից հեռացնում են, նշանակում է այդտեղ կուսակցություն գոյություն չունի: Այդտեղ կա մեկ անձի բռնապետություն, որի խնդրանքը չկատարելու պարագայում, այդ մարդիկ պատժվում են: Հովիկը կարող է դիմել դատարան ու ասել, որ ՔՊ կանոնադրության մեջ նման կետ գոյություն չունի: Ես վստահ եմ, որ եթե դատարան դիմի, անպայման հաղթելու է դատարանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ