Վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացավ Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանի հայցով դատաքննությունը ընդդեմ ՆԳ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության՝ հայցվորին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել պարտավորեցնելու պահանջով:
Նիստի սկզբում Մերի Ղարայանը դատարանում իր շահերը ներկայացնելու համար լիազորեց Մարատ Եգանյանին, որն էլ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց հայցվոր կողմի նկատմամբ կանխակալ, խտրական, կողմնակալ մոտեցում ունենալու կասկածների հիմքով: Կարճ ճշգրտումներից հետո դատավորը մերժեց միջնորդությունը: Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի մարտի 26-ին, ժամը 15:00-ին:
Aravot.am-ի հետ զրույցում Մերի Ղարայանն ասաց. «Արցախից բռնի տեղահանվել եմ: Հիմա գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում: Հայց եմ ներկայացրել, որպեսզի ինձ էլ փախստականի կարգավիճակ շնորհեն: Սակայն միգրացիոն ծառայությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ առաջին անձնագիրս վերցրել եմ Հայաստանի Հանրապետությունում: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը, որ իմ ընտանիքի անդամներից փախստականի կարգավիճակ տալիս են միայն ամուսնուս, իսկ ինձ ու երեխաներիս մերժում են:
Կարդացեք նաև
2004 թվականից մենք ընտանիքով ապրում էինք Արցախում: Այո, առաջին անձնագիրս ստացել եմ Հայաստանի Հանրապետությունում: Բայց այնուհետեւ Արցախում ԶԱԳՍ-ով գրանցվելով՝ այնտեղ հաշվառվելով՝ ստացել եմ 070 կոդով անձնագիր՝ նույն Հայաստանի Հանրապետության անձնագիր: Իսկ նախկին անձնագիրս հետեւաբար ուժը կորցրել է:
Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանումից հետո ընտանիքով եկանք Հայաստան, դիմեցինք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի համար: Ինձ ու երեխաներիս մերժեցին, իսկ ամուսնուս տվեցին փախստականի կարգավիճակ:
Հիմա ուզում ենք հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը, որ ամուսնուս տալիս են, իսկ ինձ ու երեխաներիս մերժում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ