Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ նեղված եմ, ո՛չ չարացած»․ Արտյոմ Թումանյանը՝ Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուների ցանկում չընդգրկվելու մասին

Դեկտեմբեր 04,2024 17:47

«Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ Արտյոմ Թումանյանը, որը ևս ինքնառաջադրվել էր որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու ու ՔՊ վարչության նիստին մասնակցել՝ ներկայացնելով իր ծրագիրը, դուրս է մնացել թեկնածուների ցանկից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հրապարակեց ՔՊ-ի կողմից հաստատված թեկնածուների ցանկը, որոնք 7-ն են` պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանը։

Երկու թեկնածուների՝ տիկտոկեր Դավիթ Քալաշյանի ու Արտյոմ Թումանյանի թեկնածությունները չեն հաստատվել։

Վարչապետի հրապարակած տեսանյութի տակ շատերն են գրել, թե ինչո՞ւ չի հաստատել Արտյոմ Թումանյանի թեկնածությունը։ «Գրե՛ք պատճառը»,-օգտատերերը պահանջում են վարչապետից։

Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Թումանյանն ասաց, որ պատճառը ինքը չգիտի, սակայն ո՛չ նեղված է, ո՛չ չարացած, հարգում ու ընդունում է ՔՊ-ի կայացրած որոշումը։

«Առավոտյան ելել, տեսել եմ անունս ցուցակի մեջ չկա, եթե որոշումն այդպես է կայացվել, ընդունում ու հարգում եմ իրենց ընդունած որոշումը․ ո՛չ չարացած եմ, ո՛չ էլ որևէ խնդիր եմ տեսնում։ Պատճառը չեմ պատկերացնում, այդպես են ճիշտ համարել, ես պատրաստ եմ ընդունել նրանց ցանկացած որոշում, ինչպես նպատակահարմար գտել են»,- ասաց Արտյոմ Թումանյանը։

Նա նշեց, որ ինքնառաջադրվելու շարժառիթը եղել է այն, որ հազարավոր մարդիկ իրեն պահանջ էին ներկայացրել։

«Հազարավոր գյումրեցիներ պահանջ ներկայացրեցին, ասացին՝ պիտի ինքնառաջադրվեք, միակ մարդը, որ տեսնում ենք, դուք եք։ Դա իմ համար էյֆորիա չէր իրականում, շատ լավ ճանաչում եմ գյումրեցիներիս, չգիտեմ քանի հազարներ են նրանք, բայց գիտեմ՝ հաստատ ոչ պակաս որևիցե մեկի, քննարկվող անունների համակիրներից, եթե ոչ առավել, ապա ոչ պակաս։ Լսելով վարչապետի կոչը և ժողովրդիս պահանջը՝ առաջադրվեցի որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու», ասաց Արտյոմ Թումանյանը։

Մեր հարցին՝ չհիասթափվեցի՞ք չտեսնելով ցուցակում ձեր անունը, զրուցակիցը պատասխանեց․ «Ումի՞ց հիասթափվեմ»։

Մեր դիտարկմանը՝ օրինակ՝ վարչապետից, Արտյոմ Թումանյանը շարունակեց․ « Ո՛չ, ես վարչապետից չեմ հիասթափվել, ոչ էլ կհիասթափվեմ կուսակցության որոշումից։ Չեմ հիասթափվելու, որովհետև 28 տարի ծառայել եմ Գյումրի քաղաքին, հիմի թող պաշտոնակատարի ցուցակում էլ չլինեմ։ Այդ ցուցակում լինել-չլինելով՝ դեռ ոչինչ չի որոշվում, վերջապես կգա օր, երբ ընտրությունների օր կնշանակվեն, ժողովուրդը իր գործողությունը կկատարի։

Ես գիտեմ, որ սիրում եմ իմ ժողովրդիս, ժողովուրդն էլ, համենայնդեպս բավական մեծ մասա ինձ է սիրում ու հարգում, դրա համար էլ իմ խնդիրը ժողովրդի, ժողովրդավարության, պետության ու պետականության կողքը կանգնելն է։

Այդ պայքարս երբեք չի դադարելու, եղել եմ, կամ ու կլինեմ։ Ես այնքան հպարտ ու ուրախ եմ, որ 28 տարի առաջ գյումրեցիները ինձ տվել են մի պաշտոն, որի անունն է մարդ, հպարտանում եմ թե՛ ինձանով և թե՛ իմ գյումրեցիներով։Աստված ինձ ինչքան կյանք է տվել, պատրաստ եմ լինել գյումրեցիների խոնարհ ծառան և կանգնել ժողովրդիս կողքին»։

Մեր ճշտող հարցին՝ դուք Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, Արտյոմ Թումանյանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

«Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև մեր երկրում ոչ թե ամեն օր են փոփոխություններ լինում, այլ ամեն 30 րոպեն մեկ, այդպես է ստացվել, դրա համար չեմ ուզում ժամանակից շուտ որևէ մի արտահայտություն անել։ Ես դեռ չգիտեմ, կորոշի ժողովուրդը»։

Արտյոմ Թումանյանից նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է մրցակիցները դավեր են հյուսել իր դեմ, այդ պատճառով ՔՊ վարչությունում չի հաստատվել իր թեկնածությունը։

«Չեմ կարող ասել, դուք ինձանից լավ գիտեք դրա պատասխանը։ Վերջին ժամանակում համացանցում որոշ մարդկանց կողմից որոշ բաներ հայտնվեցին, չեմ ուզում անուններ տալ ու քննադատել»։

Մեր հիշեցմանը, թե դուք վերջին շրջանում վերահսկողական գործունեություն եք իրականացնում՝ այցելելով պետական կառույցներ, վերակառուցվող մանկապարտեզներ, շինարարությունը վերահսկելով, թերությունները մատնանշելով՝ արդյոք դա պատճառ չի՞ հանդիսացել, որ ձեր դեմ դուրս գան։

«Այո, կարծում եմ, որ դա կա, նույնիսկ վստահ եմ, որ կա, թե ինչու դուր չի եկել, ինչն էր իրենց խանգարել, կարծում եմ՝ իրենք պիտի խոսեն։

Ես իմ կողմից միայն կարող եմ ասել՝ դա եղել է օրենքի սահմաններում, գոյություն ունի Սահմանադրական կարգ, Արդարադատության նախարարություն, կանոնադրություն։ Մենք մեր կանոնադրության սահմաններից դուրս չենք եկել, որպեսզի բոլորին մտահոգող հարցերի պատասխանը հենց հիմա տամ, կասեմ՝ բոլոր վերահսկողական գործողությունները տեղի են ունեցել բաց և թափանցիկ, համացանցում կան բոլոր նյութերը։ Եվ ազգաբնակչությունը և հետաքրքրվող մարմինները կարող են տեսնել և դրանից հետո եզրակացություն կազմեն, թե մեր կատարած գործողության իմաստը որն է եղել։

Մենք պաշտպանել ենք պետության շահերը, պետության գույքը, մեր մատաղ սերնդին՝ դպրոցականներին և մանկապարտեզի երեխաներին փորձել ենք պաշտպանել և պահել անվտանգ վիճակում»,-ասաց Արտյոմ Թումանյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ 9 թեկնածուների մեջ ինքն այն միակ անկուսակցականն էր, որը իր ողջ կյանքի ընթացքում որևիցե մի կուսակցության ո՛չ համակիր է եղել, ո՛չ էլ անդամ, ո՛չ էլ որևէ կուսակցության հետ որևէ գործողության է գնացել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031