«Անկեղծ եմ ասում` մինչեւ երեկ ամեն հնարավոր ձեւով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձեւով պաշտպանել, բայց նրանից հետո, ինչ իմացա երեկ՝ ուզում էի անձամբ խեղդել նրան»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ համար խնդիր է նաեւ այն, որ մարդը չի զղջում, հակառակը, ավելի ագրեսիվ, չհասկանալով… ինձ մոտ եւ ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաեւ ադեկվատության հետ կապված։ Ցավում եմ, որ շատ բան հիմա չեմ կարող ասել»,–ասաց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով հանրայնացնել, թե ի վերջո ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետական գաղտնիքի արտահոսք է արել Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ Հովիկ Աղազարյանի կողմից տեղեկատվության արտահոսքը պետությանը դիտավորությամբ վնաս հասցնելո՞ւն է առնչվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն… Չգիտեմ՝ դիտավորյալ է, դիտավորյալ չէ, ես չեմ կարող գնահատական տալ, նաեւ իմ կարգավիճակը դա թույլ չի տալիս: Գիտեմ՝ տարբեր քրեական գործեր կան… մանրամասներին չեմ տիրապետում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, երեկ ՔՊ վարչությունը նիստ գումարեց եւ որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է երեկ տարածված որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն այսօր ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ