«Ապառաժ». Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Վլադիմիր Հակոբջանյանի բազմանդամ ընտանիքը։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի վերաբնակեցված Ուղտասարի Մ․ Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն էր և աշխարհագրության ուսուցիչը։
Հանգամանքներից ելնելով՝ դպրոցի տնօրենն ու բանիմաց մասնագետն այսօր տաքսու վարորդ է։
—Ինչո՞ւ հենց Գյումրիում որոշեցիք բնակություն հաստատել և հաջողվո՞ւմ է ձեր ընտանիքին հարմարվել նոր բնակավայրին․․․
-Դեռ ճանապարհին էի որոշել․ եթե ոչ Արցախում, ապա՝ Գյումրիում պետք է ապրեմ։ Ինչո՞ւ, որովհետև գյումրեցիները ևս անցել են «դժոխքի» միջով և ավելի լավ կհասկանան մեր ապրումներն ու ցավը։ Փառք Աստծո, չենք սխալվել։ Մեր ընտանիքը բազմանդամ է՝ կինս, 4 զավակներս, թոշակառու ծնողներս և տարեց տատիկս։ Այստեղ գրեթե բոլորը կարեկցանքով են մեզ ընդունել, փորձել օգնել հնարավորությունների չափով։ Տեղահանվելուց մեկ ամիս հետո կինս՝ Նոյեմը, աշխատանքի անցավ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության և ֆիզիկայի ուսուցչուհի։ Իսկ ես, համապատասխան աշխատանք չգտնելով, արցախցի շատ տղամարդկանց նման սկեսցի տաքսի վարել։ Սկզբից, իհարկե, դժվարություններ կային։ Հաճախորդներս գիտեին, որ քաղաքին ծանոթ չեմ և հենց իրենց համբերատարության շնորհիվ կարճ ժամկետում ճանաչեցի քաղաքը։ Ավագ երեխաներս հաճախում են դպրոց, իսկ փոքրերը՝ մանկապարտեզ։ Ծնողներս ու տատիկս շատ են նեղվում, որ չեն կարողանում զբաղվել հողագործությամբ։ Դժվար են հարմարվում, որ արտադրողից հանկարծ դարձել են սպառող։ Նրանց համար դա շատ ծանր է, որովհետև ամբողջ կյանքում հողի հետ կռիվ էին տալիս, ստեղծում և վաճառում իրենց բերքը։ Մեր բազմանդամ ընտանիքն Արցախով է ապրում, մեր ամեն մի օրը հիշողություններով է ավարտվում։ Արթնանում ենք Արցախ վերադառնալու հույսով, բայց քանի որ դա միայն մեր ցանկությունից չէ կախված, գերադասում ենք մնալ Մայր Հայրենիքի այս հատվածում։
Կարդացեք նաև
–Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության կողմից Արցախի տեղահանված բնակչությանը տրամադրվող 2025-ի հունվարից նորացված սոցիալական աջակցության ծրագրի մասին․․․
-Միանշանակ կասեմ, որ առանց պետության կողմից տրամադրվող աջակցության, արցախցիները կկանգնեն մեծ դժվարությունների առաջ, քանի որ մեծամասնությունն ապրում է վարձակալած տներում։ Առաջարկված բնակարանային ծրագիրը, իստ իս, արտագաղթ խթանող ծրագիր է՝ իր բազմաթիվ բացերով։ Ինձ համար ցավալի է, որ իմ իսկ տեսակը պարտադրում է հրաժարվել իմ ինքնությունից՝ Արցախի Հանրապետության քաղաքացիությունից։ Այն հավասարազոր է ազգանունից կամ հայրանունից հրաժարվելուն։ Միևնույն ժամանակ, որպես հայ, չեմ հրաժարվում ՀՀ քաղաքացու պարտականություններից։ Կարծում եմ՝ արցախցիները պետք է ապրեն կոմպակտ տարածքում, որպեսզի չկորցնեն իրենց ավանդույթները, սովորույթները, մշակույթը։ Այս ամենով հանդերձ, ինչքանով էլ անթերի ծրագիր մեզ առաջարկվի, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կվերադառնանք Արցախ, մեր Ասկերան…
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: