ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը երեկ ՔՊ վարչության նիստին «դրվագային» է ներկա եղել․ այսօր այդ մասին նա ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում։ Լրագրողներին հետաքրքրում էր երեկ, այդ նույն նիստում ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հարցին վերաբերվող մանրամասները։ Հակոբ Արշակյանը մանրամասնեց՝ ՔՊ վարչության նիստին ներկա է եղել ոչ Հովիկ Աղազարյանի հարցին վերաբերվող դրվագներում։
Հիշեցնենք, երեկ ՔՊ վարչությունը նիստ գումարեց եւ որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է երեկ տարածված որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն այսօր ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։
Հակոբ Արշակյանը կրկնեց կուսակցական պաշտոնական տեսակետը՝ Հովիկ Աղազարյանին հեռացրել են արտահոսքերի պատճառով։
Դիտարկմանը՝ մինչ այդ ասվում էր, որ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն է եղել պատճառը, Հակոբ Արշակյանը պարզաբանեց՝ հենց այդ միջադեպն է պատճառ եղել քննարկումների, որոնց արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել արտահոսք ներքին քննարկումներից, այդ թվում՝ նաեւ պետական նշանակության հարցերի վերաբերյալ: Նա չմանրամասնեց՝ ի՞նչ պետական տեղեկության մասին է խոսքը․ «Ես կարծում եմ՝ հարցը կոռեկտ չէ, որովհետեւ ինչ-որ մեկին վերաբերմունք ենք ցույց տալիս մի բանի համար, որը չէր կարելի անել, ակնկալել, որ նույն բանը ես կանեմ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։ Օրինակ՝ մամուլի հետ շփվելու համար ինձ որեւէ մեկը նկատողություն չի կարող անել, բայց եթե ես հնչեցնեմ այստեղ մի բան, որը կոնֆիդենցիալ է, փակ տեղեկություն է եւ պետական անվտանգությանը վերաբերող, ինձ, իհարկե, կարող են հարցեր տալ դրա վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ