Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունն ավելի մեծ բանի կարող է վերածվել․ Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 04,2024 16:59

«Միշտ չի, որ հայհոյանքին պետք է հայհոյանքով պատասխանել, հարվածին՝ հարվածով, այդպես չի կյանքում ձեւը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին վերաբերվող հարցերին։

«Ես չգիտեմ, թե ինչ պարզաբանում է տվել Հովիկ Աղազարյանը։ Նրա հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է ՔԿ-ում եւ այնտեղ գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է։ Քննչական գործողություններ են տեղի ունենում։ Գաղտնի տեղեկատվություններ պարունակող ինֆորմացիաներ կան, Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող, կուսակցության, խմբակցության ներքին գործերին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվությունները պարբերաբար կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին եւ տարբեր ներկայացուցիչների, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ տվյալ գործի վրա։ Ինչպես նաեւ նրա կողմից հանրային բարոյական նորմեր են խախտվել, որոնք դեմ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արժեքներին, սկզբունքներին և, առհասարակ, մարդկային սկզբունքներին։ Սրանից ավել բան ասել չեմ կարող։ Եթե այդ գործողություններն իրենց մեջ կկրեն քրեաիրավական գնահատական, ապա իրավապահ մարմիններն այս ամենին տիրապետում են մեզանից ավելի լավ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, երեկ ՔՊ վարչությունը նիստ գումարեց եւ որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է երեկ տարածված որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն այսօր ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։

Լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ են Հովիկ Աղազարյանի հեռախոսի գաղտնալսումները տվել վարչապետին, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին՝ պարբերաբար, այդտեղ որեւէ անօրինական պրոցես չկա: Քաղաքական թիմը երեկվա վարչության նիստում կայացրել է քաղաքական որոշում՝ խմբակցության անդամը, ով կազմակերպել է սիստեմատիկ պետական անվտանգության վերաբերյալ, կուսակցության եւ խմբակցության փակ քննարկումների վերաբերյալ արտահոսք, դուրս է հանվել կուսակցությունից ։ Իսկ Աղազարյանն էլ իմանալով, թե ինչ է սպասվում, առավոտյան ինքը դուրս եկավ խմբակցությունից՝ չսպասելով, որ մենք իրեն կհանենք»։

Նա ավելացրեց, որ այս գործընթացը իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների հետ կապ չունի։

Լրագրողների տարբեր հարցերին՝ այդ ի՞նչ էր արել Հովիկ Աղազարյանը, որ այդչափ աններելի էր, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ ավելի մանրամասներ չի կարող հրապարակել, բայց ակնարկներ արեց, որ շատ վատ բաների մասին է խոսքը։ Հետո էլ հավելեց՝ լրացուցիչ քննության հարց կա, այդ պատճառով ավելին ասել չի կարող, քանի որ խնդիրը պետական անվտանգությանն է վերաբերում։

«Նյութ է դուրս եկել ջրի երես, որտեղ մարդը պետական անվտանգության մասին տեղեկատվություն է դուրս տալիս։ Մենք պետք է այդ ժամանակ նստենք ի՞նչ անենք, ո՞ւմ սպասենք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի մեծ բանի կարող է վերածվել այս պատմությունը։

Նա նաեւ հայտարարեց․ «Ես իմ գլխով պատասխանատու եմ ՀՀ անվտանգության համար, ինչպես բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիրները»։

Հիշեցնենք, Հովիկ Աղազարյանն էլ էր խոսել այն մասին, որ այս ամենի տակ ավելի վտանգավոր գործընթացներ կան, որոնք մի քանի ամիս հետո կերեւան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031