Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ, որի ձևաչափը մի փոքր փոփոխված է։ Լինելու են շրջիկ խմբեր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին շրջելու են Գյումրու փողոցներով, թակելու են դռները եւ առաջարկելու են թեկնածուներին․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախապես հայտնի չի լինելու, թե որ պահին որտեղ են լինելու շրջիկ խմբերը, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքում «մարդ ապահովել»՝ ցանկալի արդյունք ստանալու համար։
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ՔՊ-ի թեկնածուների ցանկը։
Արթուր Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ընտրությունը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ. «Բանաձեւերը չենք բացահայտելու։ Նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել։ Մենք թափանցիկությունը կապահովենք։ Հուսանք՝ հնարավորինս շատ գյումրեցիներ կմասնակցեն գործընթացին»։
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով իրենք որեւէ անհանգստություն չունեն։ Ավելին, իր ունեցած հետազոտությունների արդյունքներով, նա շանսեր չունի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ