«Իրենք չեն ստեղծել վարորդների արհեստակցական կազմակերպություն, թեպետ երբ էլի նման բողոքի ակցիաներ էին իրականացնում, այն ժամանակ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային անդամակցող տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային միության կողմից ստացել են նման առաջարկ։ Երեկ էլ են նրանք այնտեղ եղել՝ հորդորելով վարորդներին ճիշտ վարքագիծ դրսևորել»,-«Մեդիա կենտրոնում» «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը՝ անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդների բողոքի ցույցերին։
Ըստ նրա՝ վարորդների կազմակերպածն իրականում գործադուլ չէր․ «Դա պարզապես աշխատանքների դադարեցում էր։ Ինչքան էլ որ գործադուլը սահմանադրական իրավունք է, միջազգային իրավափաստաթղթերով սահմանված հիմնարար իրավունք է, բայց այս իրավունքի իրացման ճանապարհները, մեթոդները, մեխանիզմները նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Ամբողջը պետք էր իրականացնել այդ ընթացակարգերի հիման վրա։ Երեկ տեղի ունեցածը գործադուլ՝ որպես այդպիսին որակել չենք կարող, և ցանկացած պարագայում նման դեպքում, երբ պարզապես սրա անունը դնում ենք գործադուլ, դա անօրինական գործողություն է, ինչքան էլ ես համաձայն եմ վարորդների ներկայացրած պահանջներին։ Ես համաձայն եմ այն բարձրացրած հարցերին, որ իրենց պայմանների, արտահագուստի, տարրական հիգիենայի, աշխատաժամանակի հետ կապված խնդիրներ կան, բայց դա այն միջոցը չէր, որին պիտի գնային։ Սրանով իրենք իրենց դրեցին այլ կարգավիճակում։ Գործադուլ հայտարարելու բացառիկ իրավունքը արհեստակցական կազմակերպությանն է։
Եթե չկա տվյալ կազմակերպությունում արհեստակցական կազմակերպություն, ապա աշխատակիցները կարող էին ընդհանուր ժողով հրավիրել և ընտրել ներկայացուցիչ։ Նրա միջոցով դիմեին արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությանը, և ճյուղային հանրապետական միությունը կլիներ այն կազմակերպությունը, որը կամ կստեղծեր գործադուլային կոմիտե կամ հենց ինքը կգլխավորեր այդ գործադուլը։ Եվ ամեն ինչ կլիներ օրինական։ Գործադուլ իրականացնելուց առաջ պետք է կոլեկտիվ վեճի բոլոր լուծման ուղիները սպառել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի