«Քրեական գործերն ընթացքի մեջ են, նախաքննական գաղտնիք չբացահայտելու համար, ես ոչինչ չեմ կարող ասել, կներեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ իր դեմ քրեական գործերն անհի՞մն են եւ իր դեմ պայքարում են անձնակա՞ն կոմպրոմատներով։
Հարցը՝ շարունակո՞ւմ է պնդել, որ այս ամենը ժողովրդավարական դրսեւորումներ են, ինչպես նախկինում էր բնութագրում, Հովիկ Աղազարյանը հումորով շրջանցեց՝ ասելով, որ կարող է պնդել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ հնարավոր է այլ տեղերում ամեն ինչ ավելի վատ է։ Ամենասարսափելին, ըստ Հովիկ Աղազարյանի, այն չէ ինչ հիմա է տեղի ունենում, ամենասարսափելին մի քանի ամիս հետո կպարզվի։ Թե ի՞նչ՝ չմանրամասնեց։
«Ես վստահաբար գիտեմ՝ 6-7 տարի տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրությունների միջոցով՝ ընկերանալ բան, աղջիկ կամ տղա ինձ նամակ են գրում, դուք հայրենիքը ծախեցիք, սենց, նենց․․․ Ես պատասխանում եմ հանգիստ ձևով, ով ուրիշ բան է թույլ տալիս՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Ես կուզեի՞ այդ եղած-չեղածը հրապարակվեր՝ իհարկե, չէի ուզի»,-ասաց Հովիկ Աղազարյանը՝ շարունակելով իր հեռախոսն առգրավելու, այնտեղ եղած որոշ տեղեկություններ վարչապետին ներկայացնելուն։
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեց, որ երբ համալիրում այրվեց Ադրբեջանի դրոշը, ինքը գրառում արեց, որից հետո 2-3 օր հարձակումների տակ է եղել եւ այն ժամանակ է ասել, որ հայհոյախառն բաներ են գրել․ «Ես երեխա վախտվանից երբեք պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ այդ պրոբլեմները։ Հետեւաբար, մեկը չի կարա ինձ ասի՝ քո սենցունենցը հայրենիք ես ծախել, ես ասեմ՝ ձեր մակարդակին չեմ իջնի, մեկը ասի, տասը հատ կստանա։ Հետեւաբար, չեմ բացառում այդ խոսակցությունները»։
Հովիկ Աղազարյանն ասաց, որ իր փաստաբանը կարծում է՝ հակակոռուպցիոն քննիչ հանձնաժողովին՝ իր հեռախոսից տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ, դիմում պետք է ներկայացվի։
Հարցին՝ երբ ՔՊ-ից հայտնում են, թե բարոյական հանրային նորմեր է խախտել, տպավորություն է, որ ինչ-որ սիրուհի ունենալու կամ նման հարց է՝ Աղազարյանը պատասխանեց. «Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էտ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից