Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին:
«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը, իրական բարեփոխումների ցանկությունն ու դրանք կյանքի կոչելու կարողությունը»,- նշել է թեկնածու Նարինե Ազարյանը` շեշտելով, որ իր մասնագիտական գործունեությունը փոխկապակցված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի հետ:
Կարդացեք նաև
Ընդգծելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւոր դերակատարումը` Նարինե Ազարյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում բարձր պատասխանատվությամբ կմասնակցի կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործընթացներին:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով աշխատանքային ստաժի հավելագրումներին, հարցի իրավական լուծմանը, աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացին:
Մտքերի փոխանակության ընթացքում շեշտվել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը, իրապես, պետք է լինի անկախ, իր սկզբունքներն ու տեսակետները ներկայացնի առանց կաշկանդվելու:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ելույթների ընթացքում բարձրացված հարցերին, խոսել Մրցութային խորհրդի կազմի ընտրության հարցի մասին: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները` նա նշել է, որ պետք է ձեւավորել մեկ միասնական չափանիշներով աշխատող հանձնաժողով:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ողջունել է ընդդիմության ներկայացուցիչների` հարցի քննարկմանն ակտիվ մասնակցություն ունենալը:
ԱԺ