«Փաստ է, որ համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը»,-«Մեդիա կենտրոնում» «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդները գործադուլ էին անում։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլինի՝ վարորդները արհմիությունների միջոցով բարձրացնեն իրենց ձայնը, նա ասաց․ «Իհարկե, արհմիությունը շատ կարևոր բան է, բայց մի կարևոր փաստ ենք բաց թողնում, որ երկար տարիներ պետական կառավարման համակարգում արհմիությունները եղել են, հիմա էլ կան էրեխեքին Նոր տարվա նվերների, մարտի 8-ին ծաղիկ առնելու, պսակ առնելու կամ հիվանդներին օգնություն բաժանելու ֆոնդ։ Արհմիությունները պետական կառավարման համակարգում, համայնքում աշխատակիցների իրավունքների իրացման խնդիր չեն լուծում։ Իրականում անկախ պետական կառավարման համակարգի գոյություն չունի, արհմիության ղեկավար դառնում է հիմնարկի գլխավոր հաշվապահը կամ մի այլ աշխատող, ում հարգում, սիրում են։ Բոլոր այն հիմնարկները, որոնք ժողովրդավար են, այսօր արհմիությունները փակում են»։
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ եթե մենք նորմալ պետություն լինեինք, վարորդներն աշխատանքային այդ պայմաններում աշխատանքի պարզապես չէին գնա․ «Քննարկում էին, որ աշխատանքի տեսչությունը կարող է իրականացնել ստուգում։ Վաղուց տեսչությունը պետք է ընկերությունը դիտարկած լիներ բարձր ռիսկային գոտում։ Այդ դեպքում ստուգումների տարեկան պլանով կստուգեր, ահազանգերի չէր սպասի, կտեսներ, որ սանիտարական խայտառակ վիճակ է, ժամանակավոր կասեցում կտար, այդ մարդիկ էլ այդ պայմաններում աշխատանքի գնալու իրավունք չէին ունենա։ Գործադուլ չէր դառնա»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով անձանց աշխատանքից ազատելու մասին որոշմանը՝ Բաբկեն Պիպոյանն ասաց․ «Ո՞նց է ստացվում, որ 500 անձ գործադուլ է անում, 35-ն են աշխատանքից ազատվում ․․․մենք համայնքում ունենք չկառավարում․ երեկվա ցույցի արդյունքում քաղաքապետարանի չինովնիկները մի ներողություն խնդրեցին Երևանի բնակիչներից, հետո շանտաժ արեցին, թե մենք կգնանք, կքշենք, հետո հայտարարեցին, որ իրենք ռեֆորմիստներ են։ Բա էդքան լավ աշխատող եք, ինչի՞ է ձեր համակարգը տրաքում։ Մի քանի ամիս է՝ տրանսպորտի համակարգի մասին խոսում են, բայց բառիս բուն իմաստով առանց թվերի դուրս են եկել, ասում են ինքնարժեքը թանկ է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի