ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարություններին։
«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից կատարեց հայտարարություններ, որոնք ուղղված էին ՀՀ ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ, կատարեց հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ հրապարակային հրաժարվեց Սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններից։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՀՀ սահմաններից դուրս ՀՀ պաշտպանության ներքո են։ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարում էր՝ պետությունը պարտավորություն է կրում միայն ՀՀ տարածքում բնակվող քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը հրաժարվեց նաեւ Սահմանադրությամբ ամրագրված մեկ այլ կարեւոր պահանջից՝ ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պարտավորվում է ապահովել հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանությունը։ Բայց Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատասխանատու է միայն ՀՀ տարածքում իրականացվող գործողությունների համար։ «Եվ հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է՝ հայոց պետականությունը պահպանելու համար։ Սա ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով բանակի մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց․ «Երբ որ խոսում է զինված ուժերի մասին, ուղղակի ոտնահարում է Սահմանադրության 14-րդ հոդվածը, որն ասում է, որ ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները և, ըստ էության, ոչնչացնում է հայոց պետականությունը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ