Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական իշխանությունը ժողովրդին փորձում է վերածել «ազգ-նահատակի»․ Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 04,2024 13:38

Եղած բյուջեով՝ թե 2024-ի, թե 2025-ի, կարելի է շատ ավելի խնդիրներ լուծել, քան ներկայացված է կառավարության կողմից, նաեւ՝ մեկ բան է ծրագրեր ներկայացնելը, այլ բան՝ դրանց իրականացումը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մանրամասնեց՝ ամրաշինական աշխատանքներ կատարելու համար տարբեր ուղղություններով նախատեսված են ծրագրեր, բայց կան ուղղություններ, որոնցով մրցույթները չեն կայանում կամ կայանում են տարվա վերջում ու նախատեսված խնդիրները չեն լուծվում։

Սպառազինության եւ զինտեխնիկայի ձեռք բերման մասով էլ ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ շուկայական գներն էականորեն աճել են ու եթե տաս տարի առաջ «իքս» գումարով հնարավոր էր ձեռք բերել մեծածավալ զինտեխնիկա, այժմ տասն անգամ ավել գումարով ավելի քիչ բան է հնարավոր ձեռք բերել։ Ավելին, սպառազինության ձեռքբերումն, ըստ պատգամավորի, պետք է ուղիղ համեմատական լինի մեր կարիքներին եւ անվտանգության ապահովմանը, մանավանդ որ գործնականում կարեւորը ոչ թե զինտեխնիկայի քանակն է, այլ որակը, դրա թիրախային լինելը եւ օգտագործել կարողանալը։

Այս համատեքստում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, որ դեռ փնտրտուքների մեջ է, թե ո՞րն է Հայաստանի խնդիրը՝ պաշտպանության եւ անվտանգության հարցում, Տիգրան Աբրահամյանն ասում է՝ սա արդեն ցույց է տալիս այն բովանդակությունը կամ դրա բացակայությունը, որը կա իշխանությունում կամ կառավարությունում։ Այս ամենի ֆոնին էլ, ըստ նրա, եթե անգամ կան երկարաժամկետ հատվածի համար որոշակի դրական տարրեր պարունակող ծրագրեր, այս «համատարած բառդակի մեջ թիրախներին որեւէ կերպ չեն հասնում»։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մինչեւ 2027 թվականը ՀՀ ԶՈՒ կրճատելու կոնցեպտը երկու հիմնական նպատակ ունի՝ ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջին՝ ՀՀ ԶՈՒ-ը լուծարելու մասին, նաեւ առաջիկայում ընտրական փուլ է լինելու՝ դուր գալ ընտրողներին։

«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակ» բանաձեւի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա արձանագրում է՝ այն, ինչ նա թողել է Հայաստանից»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանության ղեկին կանգնած անձը ԱԺ բարձր ամբիոնից, կարծես ամփոփում էր իր պաշտոնավարման ժամանակահատվածը՝ 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներով, 2021, 2022, 2023 թվականների Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետեւանքներով, Արցախի հանձնմամբ ու ադրբեջանացմամբ․ «Բնականաբար, այս պայմաններում Փաշինյանի ձեւակերպած այդ մոտեցումներից մեկ եզրահանգում կարելի է անել՝ այս կառավարությունը տապալել է մեր քաղաքացիների, երկրի, առաջին հերթին անվտանգության, պաշտպանության մասով ստանձնած պարտավորությունները, մեր ժողովուրդը փորձում է վերածել ազգ-նահատակի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031