Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանների Մայրենիի եւ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերը ներառել եմ իմ հայցադիմումում. Սեմյոն Բաբայան

Դեկտեմբեր 04,2024 13:22

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը մի քանի հաղորդում է ներկայացրել 2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանի Մայրենիի եւ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերի վերաբերյալ, նաեւ հայցեր կան տարբեր դատարաններում: Aravot.am-ի հետ զրույցում Բաբայանն ասում է, որ դեռեւս անցյալ տարվանից էր «նշանառության» տակ առել ԿԳՄՍ նախարարության գործունեությունը, որը նրա ձեւակերպմամբ, զբաղված էր Սնուփ Դոգի համերգով, չնայած նախարարության ուղիղ գործառույթը համերգ կազմակերպելը չէ, այն էլ՝ Սնուփ Դոգի ու ավելի քան 2 մլրդ դրամով:

Ինչ վերաբերվում է դասագրքերին, Բաբայանը դեռեւս անցյալ տարվանից Երեւան քաղաքի ոստիկանապետի եւ քննչականի պետի ուշադրությունը հրավիրել էր այդ խնդրին՝ ֆեյսբուքի իր էջում գրելով, որ միջնորդում եւ խնդրում է կասեցնել նրանց իրավասության ներքո գործող այս լայնատարած թրքացումը, պարզել, թե ինչու են գրքի կողային մասում զետեղել Ադրբեջանի դրոշի գույները, ինչու են դասագրքերից դուրս բերել հայ գրողներին, նրանց փոխարեն զետեղել Դոնալդ Բիսեթի ստեղծագործություններն իր թրքական Յալմար փղիկով, թուրքական ծագմամբ գրող Ֆերիդ Օրալին եւ այլն:

Մեր զրուցակիցը պնդում է, որ դասագրքերի ուշացումները միտում ունեին. «Օրինակ, 7-րդ դասարանի պատմության դասագրքում կային ինչ-ինչ կետեր, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Ուշացումները պայմանավորված էին ոչ թե տեխնիկական կամ հրատարակչական խնդիրներով, այլ իրենք սպասում էին, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս եւ հետագայում դա մատուցվի երեխաներին որպես կայացած փաստ: Ի դեպ, հատուկ Արցախի Հանրապետության երեխաների համար տպագրվեց լրացուցիչ 500 տպաքանակ դասագիրք, որտեղ առկա էր Ադրբեջանի դրոշը՝ Մայրենի 2-րդ դասարանի դասագրքում: Մեր երեխաներ համար 7800 տպաքանակով արդեն տպագրվել էր, հետո Արցախի երեխաների համար լրացուցիչ տպագրեցին: Ուզում էին Արցախի երեխաներին էլ ասել, որ արդեն «Հայաստանն է Ադրբեջան եւ վերջ», դրա համար գրքի կողային մասում Ադրբեջանի դրոշի գույներն էին:

Ես մի շարք գրավոր հարցումներ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, առաջարկել եմ, որ այդ դասագրքերը հանվեն շրջանառությունից: Դիմեցի նաեւ վարչական դատարան, զուգահեռ ԱԺ-ի, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի, ներգրավվածությամբ պատշաճ հաղորդումներ տվեցի, որոնք մերժվեցին: Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքի մասով, ու քանի որ դա չպատժվեց, իրենք արեցին 2-րդ փորձը՝ 2024թ դպրոց մտավ «այրվող ՀՀ դրոշով» դասագիրքը, ինչը հետո ձեւակերպվեց որպես վրիպակ»:

Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակները պարզաբանում էին տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ եւ հրապարակել էին այն տարբերակը, որն ի սկզբանե ուղարկվել էր տպարան: Նաեւ ԿԳՄՍՆ մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել էր, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ այրվող դրոշով նկար չկա: 

Սեմյոն Բաբայանն ասում է, որ, ցավոք, դասագրքային խնդիրները այդքան էլ չեն հուզում հանրությանը, ծնողներին եւ ուսուցիչներին: Նա հիշեցրեց, որ դասագրքերի հարցով դատարան է դիմել նաեւ փաստաբան Արա Զոհրաբյանը, որը նշել էր, թե ԿԳՄՍ նախարարությունը դատարանում պարտվել է Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով:

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ չնայած տարբեր խոչընդոտներին՝ շարունակելու է հետեւողական լինել դասագրքերի հարցով. «Այս տարի 2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանների Մայրենիի դասագրքերը եւ 7-րդ դասարանի Պատմությունը ներառել եմ վարչական դատարանի իմ հայցադիմումում»:

Սեմյոն Բաբայանը նշում է, որ զուգահեռ դիմել է նաեւ հնարավոր բոլոր ատյաններին՝ իրավապահներից մինչեւ ՀՀ նախագահ եւ ՄԻՊ, բայց սայլը տեղից չի շարժվում, մինչդեռ, նրա խոսքով, դասագրքերի միջոցով դիտավորյալ թրքացում է կատարվում ու դասագրքերում բացակայում է ազգային բովանդակությունը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031