ԱԺ նստաշրջանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը։
Նարինե Ազարյանի հիմնական ելույթից հետո՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Ես ուշադիր լսեցի ձեր ելույթն ու արձանագրեցի, որ, ցավոք, քաղաքական շեշտադրումներ կան։ Մասնավորապես, դուք գնահատական եք տալիս, որ անցյալում եղել են կոռուպցիոն դրսեւորումներ։ Այո, դուք ճիշտ եք, այդպիսի դրսեւորումներ եղել են։ Բայց դուք չեք ասում, որ այդպիսի դրսեւորումներ կան նաեւ հիմա»։
Նարինե Ազարյանն ի պատասխան ասաց․ «Երբեւէ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ, ես անկուսակցական եմ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը (լուսանկարում) հարցրեց․ «Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, որտեղ այս կամ այն պաշտոնատար անձինք մասնակցում են մրցույթների ու շահում տարբեր տենդերներ։ Մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեց Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ կապված հոդված, որ իր քեռին 2018-ից մինչեւ 2024 թվականը, եթե չեմ սխալվում, 506 մլն դրամի ընդհանուր տենդեր է շահել։ Այսինքն՝ ո՞նց է լինում, որ այդ փոխկապակցված անձինք նման խոշոր ծավալի տենդերներ են շահում։ Այս թեմաների հետ կապված ձեր գնահատականն ու տեսլականը ո՞րն է»։
Կարդացեք նաև
Նարինե Ազարյանն ի պատասխան ասաց․ «Օրենքով ամրագրված են այդ բոլոր հարաբերությունների կարգավորումները։ Եթե առկա է շահերի բախում, եթե խախտվել է որեւէ սահմանափակում, որն ամրագրված է օրենքով, այդ դեպքում նաեւ նախատեսվում է տուգանք։ Այո, եթե առկա են կոռուպցիոն գործարքներ, ապա օրենքով պետք է պատժելի լինի դա»։
Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Կներեք, բայց ոնց որ բաժակաճառ լինի, մենք էլ գիտենք, որ կան օրենքներ, բայց ասածս այն է, որ այդ օրենքները խախտվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ