Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ վարչության նիստում Հովիկ Աղազարյանը չի հերքել այն դրվագներով արտահոսքերը, որոնց մասին խոսվել է․ Հայկ Կոնջորյան

Դեկտեմբեր 04,2024 12:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ քննարկումներից, այդ թվում նաեւ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք որ ենթակա չէին հրապարակվելու, արտահոսքեր է կազմակերպել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության երեկ կայացրած որոշմանը՝ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու մասին։

«Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է երեկ տարածված որոշման մեջ։

Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանը նաեւ ներկուսակցական քննարկումներից է արտահոսքեր թույլ տվել, բայց օրինակներ չբերեց՝ ասելով, որ այդ տեղեկությունների մի մասը գաղտնագրված է, բայց դրանց մի մասը մամուլում կա։ Մնացյալ հարցերը, ըստ նրա, իրավապահների տիրույթում են եւ զբաղվում են։

Լրագրողների հարցերին ի պատասխան, Հայկ Կոնջորյանն ասաց՝ չի կարող ասել՝ գլխավոր դատախազը կգա՞ ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու հարցով, թե ոչ։ Հայկ Կոնջորյանը սակայն գնահատական տվեց․ «Ես առնվազն տեսնում եմ, որ քննելու բան կա, բայց ես իրավաբան չեմ»։

Հայկ Կոնջորյանը նաեւ հայտարարեց, որ ՔՊ վարչության նիստում Հովիկ Աղազարյանը չի հերքել այն դրվագներով արտահոսքերը, որոնց մասին խոսվել է։

Խոսքը, ըստ Հայկ Կոնջորյանի, Հովիկ Աղազարյանի հարցազրույցներում հնչեցված տեղեկությունների մասին չէ։ Իսկ թե ինչո՞ւ Հովիկ Աղազարյանի դեմ գործընթացը չի իրականացվել մինչեւ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելը, Հայկ Կոնջորյանը պարզաբանեց, որ գործընթացը ավելի վաղ էր սկսվել, հրապարակային է դարձել այդ ժամանակ։

Լրագրողի հարց-դիտարկմանը՝ ինչո՞ւ նույն գործընթացը չսկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, որը թքել էր քաղաքացու երեսին, ինչո՞ւ ՔՊ-ն ԲԴԽ-ում առաջադրեց Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որը ևս հայտնի է վիրավորական եւ ոչ կոռեկտ գրառումներով՝ տարբեր քաղաքացիների, քաղաքական գործընթացների վերաբերյալ, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ Ալեն Սիմոնյանը քանիցս ներողություն է խնդրել, իսկ Ալեքսանդր Սիրունյանի դեպքի հետ զուգահեռներն, ասաց բացարձակ համադրելի չեն։

Հայկ Կոնջորյանը հայտարարեց նաեւ՝ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն էլ խնդրեր, ինքը մանդատը կդներ ու այդտեղ որեւէ հակասություն կամ ճնշում ինքը չի տեսնում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031