«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը տապալած անձի վերարտադրության փորձը՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամում» անընդունելի է։
«Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը ի հայտ է բերել մի արտառոց, չափազանց մտահոգիչ իրողություն, ինչի մասին Հիմնադրամի ներսում և ՀՀ ԿԳՄՍՆ մեր աղբյուրները տևական ժամանակ մեզ ահազանգում էին։
7 տարի շարունակ (2017-2024թ.թ.) հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած, այդ առաքելությունը ամբողջովին տապալած, ՀՀ հարկատուների գումարներով մոտ 50 գոյություն չունեցող ֆիլմեր ֆինանսավորած, ազատ մրցակցությունը հովանավորչությամբ փոխարինած, կինոյի դաշտը ապականած ու ականապատած, ֆիլմարտադրողների հանդեպ մի քանի հարյուր միլիոնների պարտավորություններ ստանձնած, ապա դրանք, որպես պարտք, պետությանը թողած, 2024թ.-ի կինոյի պետական բյուջեն մսխած, բազմաթիվ քաղաքացիական ու քրեական գործեր պարտված, ի վերջո, աշխատանքից ազատված «կառավարիչը», հանդգնում է վերադառնալ կինոյի պետական կառավարման ոլորտ՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի կարգավիճակով։
Փաստը, ինքնին, չէր արժանանա մեր ուշադրությանը, բայց կա մի հանգամանք, որը ստիպում է մեզ ահազանգ հնչեցնել և աչալրջորեն հետևել «Հայաստանի կինոյի հիմնադրամի» ղեկավարի ընտրության ընթացքին։ Հանգամանքը վերաբերում է այն ստվերային համաձայնությանը, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ձեռք է բերվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի կինոյի հիմնադրամի» ղեկավարի թափուր պաշտոնին հավակնող վերոնշյալ անձի միջև ու կապված է վերջինիս ինչ-որ կերպ, որևէ պաշտոնում վերականգնելու երաշխիքի հետ։
Կարդացեք նաև
«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը զգուշացնում է, որ մինչև 2024 թվականի ամառը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի վերադարձը կինոյի կառավարման ոլորտ՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» աշխատակազմում, անընդունելի է։ Այդպիսի իրողության դեպքում ֆեդերացիան անհապաղ հրապարակելու է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում վերջին 7 տարվա իրավախախտումների բոլոր փաստերը՝ գոյություն չունեցող ֆիլմերի ֆինանսավորումից մինչև մտերիմների բազմակի ֆինանսավորում, կառույցի կողմից ֆինանսավորված նախագծերում կառույցի տնօրենի պաշտոնակատարի մասնակցությունից մինչև զրպարտությամբ քրեական գործեր հարուցելու միջոցով ֆիլմարտադրողների գործունեության խոչընդոտում, և այլն, և այդպես շարունակ։ Ավելին, կինոկենտրոնի տնօրենի նախկին պաշտոնակատարին «Հայաստանի կինոյի հիմնադրամում» ներգրավելու դեպքում, ֆեդերացիան հիմքեր կունենա պնդելու, որ վերջինս վայելել է և վայելում է ՀՀ ԿԳՄՍՆ լիակատար հովանավորությունը և մեր կողմից հրապարակվելիք բոլոր իրավախախտումները իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության առնվազն գիտակցությամբ, եթե ոչ՝ թույլտվությամբ։
«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ
Խորհուրդ՝ Սաթիկ Ստեփանյան, Կարեն Ծատուրյան, Մերի Ադամյան, Արամ Մանուկյան
Խորհրդի նախագահ` Հովհաննես Գալստյան