«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է:
– Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղափոխվել է Դամասկոս` աշխատում է ՀՀ դեսպանությունում։ Կապի մե՞ջ եք մեր դիվանագիտական ներկայացուցչության հետ, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում՝ ի աջակցություն սիրիահայության:
– Այո, կապեր կան, իսկ թե ինչ աշխատանքներ պիտի ծավալվեն աջակցության համար, առաջիկա օրերին կհստակեցվեն։ Բերիո Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանն ու Արամ Մանուկյան կենտրոնը համայնքի տերն ու տիրականն են, նրանք են համակարգում ազգի զավակների կարիքները հոգալու աշխատանքները եւ այս իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու ջանքերը։
– Թուրքամետ ասպտամբները պնդում են, որ նորանոր տարածքներ են գրավել՝ ընդհուպ հասնելով Հոմսին: Այն դեպքում, երբ Սիրիայի կառավարական բանակը, չնայած ՌԴ զինուժի աջակցությանը, կորուստներ է գրանցում եւ նահանջում՝ փաստորեն, անպաշտպան թողնելով երկրի քաղաքացիներին: Ի՞նչ է սպասվում Ասադի իշխանությանը:
Կարդացեք նաև
– Այո, երկրի տարբեր շրջանների մեջ գործող իշխանությունը տարածքներ կորցրեց, սակայն պատերազմը տակավին չի ավարտվել, վիճակն անկախատեսելի է, մանավանդ, որ անցած 13 տարիների ընթացքում շատ տարածքներ, ներառյալ՝ Հալեպը, նման կացության մատնվեցին։ Կացությունը հարափոփոխ է, այն, ինչ հիմա հաստատում ենք, կարող է ժամեր հետո արդեն փոխվել: Առաջիկա օրերին Ասիդանայի համաձայնության խախտման գծով կայանալիք նիստից հետո կարելի է որոշ հստակեցումներ կատարել։
– Իսկ հայերն ի՞նչ վիճակում են` նոր զոհեր կամ վիրավորներ կա՞ն:
– Ոչ, վիրավորներ չունենք։ Միայն երեկ օդանավակայանի ռմբակոծման հետեւանքով մերձակա շենքերն են վնասվել, որոնց մեջ հայեր կային: Փառք Աստծո՝ միայն մեկ վիրավոր կար, մեր ընկեր՝ լուսանկարիչ Պերճ Պողիկյանն էր, որի տան երկաթե պատուհանն ընկել էր նրա գլխին, բայց մեծ վիրավորում չի ստացել։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: