Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ուզում է, որ կարողանա համոզել Ալիեւին՝ ստորագրել այդ թղթի կտորը, որպեսզի դա օգտագործի ընտրություններին. Հարութ Սասունյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2024 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցն է ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ի՞նչ է անում` Լիբանանում ճգնաժամ է, Սիրիայում ծանր իրավիճակ է` որեւէ գործողություն կամ թեկուզ հայտարարություն արվե՞լ է։

– Պրն Սինանյանը, նախ, չգիտի՝ իր աշխատանքն ինչ է, ինչ պարտականություններ ունի։ Երբ հարցազրույց է տալիս, անընդհատ գովերգում է Նիկոլ Փաշինյանին, ինքը մտածում է, որ իր աշխատանքը Փաշինյանին պրոպագանդա անելն է, չի հասկացել, որ իրեն ամեն ամիս վճարում են, որպեսզի սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կամուրջ լինի․ նա այդպիսի հարցերով երբեք չի զբաղվում։ Այն բաները, որ ինքն ասում է կամ անում է, ավելի են հեռացնում սփյուռքահայերին Հայաստանից, ոչ թե մոտեցնում, որովհետեւ հաճախակի ելույթ է ունենում եւ ասում է՝ ես չեմ ուզում գործակցել սփյուռքի կուսակցությունների հետ, ուզում եմ գործակցել նորելուկ փոքր խմբերի հետ։ Դա իր գործը չէ, ինքը քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, կուսակցության ղեկավար չէ, որ քաղաքական հաշիվներով զբաղվի։ Իր պաշտոնն է՝ սփյուռքահայերի հետ, ով էլ նրանք լինեն, ինչ կուսակցության էլ պատկանեն՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, պարտավոր է բոլորի հետ կապ հաստատել եւ սիրաշահել։ Բայց նա հակառակն է անում՝ հեռացնում է սփյուռքահայերին Հայաստանից։ Այս օրերին էլ ինքը ոչ մի բառ չի ասել ո՛չ լիբանանահայերի, ո՛չ էլ սիրիահայերի մասին։ Ճիշտ հակառակը, կարծեմ այսօր գալու է, եթե արդեն այստեղ չէ, Լոս Անջելես եւ, կարծեմ, 10-15 օր լինելու է ԱՄՆ-ում։

– Իսկ Փաշինյանի խաղաղության օրակարգին ինչպե՞ս են վերաբերվում սփյուռքում։

– Խաղաղության օրակարգն էլ մի կեղծիք է՝ Փաշինյանը գիշեր-ցերեկ խաղաղություն է աղաչում Ալիեւից եւ փորձում է ներկայացնել, որ ցանկանում է խաղաղություն հայ ժողովրդի համար, բայց իրականում իր իրական նպատակը խաղաղության համաձայնագիրը ստորագրելը չէ, որովհետեւ Ալիեւը խաղաղություն չի ցանկանում, ճիշտ հակառակը՝ պատրաստվում է հարձակվելու, գրավելու Հայաստանը, որպեսզի Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանի։ Փաշինյանի իսկական նպատակը լրիվ այլ բան է, ինքն ուզում է, որ կարողանա համոզել Ալիեւին՝ ստորագրել այդ թղթի կտորը, որպեսզի ինքն այդ թղթի կտորն օգտագործի հայ ժողովրդի առաջ՝ 2026-ի ընտրություններին, եւ ասի` տեսեք, սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոստացել էի բերել խաղաղություն, ահավասիկ, իմ խոստումը կատարել եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է։ Ինքն իր քաղաքական հաշիվների համար է անում, ոչ թե խաղաղության համար, որովհետեւ խաղաղություն երբեք չի գալու: Ալիեւը կարող է այդ թուղթը ստորագրել եւ հաջորդ օրը հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ այդ թուղթն արժեք չունի իր համար, պարզապես Փաշինյանին օգտագործում է` խաբելու համար։ Փաշինյանն էլ դա գիտի, քանի որ երբ հարցրին, որ եթե Տավուշի 4 գյուղերը հանձնենք, խաղաղություն կլինի՞, ինքն ասաց, որ կարող է 6 օր խաղաղություն լինի, բայց 7-րդ օրը հարձակվեն մեզ վրա։ Բարեբախտաբար, Ալիեւն իր հաշիվներով առաջնորդվելով՝ չի համաձայնում Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ստացվում է, որ Ալիեւի շնորհիվ Փաշինյանի նպատակները ձախողվում են։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031