Նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ավարտվեց մի գործով գրավոր ընթացակարգով քննություն, որի սկիզբը դրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին առյանի դատարանում:
Դատարանը քննության առավ ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 15-ի որոշման դեմ Ա.Մ.-ի պաշտպան Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
2023 թվականի հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է Ա.Մ.-ն: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Բաղյանի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրան մեղադրանք է առաջադրվել: Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկու ամիս ժամկետով կալանքը: Ըստ մեղադրանքի, նա իր մոտ եղած դանակով հարվածել է տուժողի որովայնին, պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Վերաքննիչ դատարան դիմած պաշտպանի բողոքը մերժվել է, անփոփոխ է մնացել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանը հատուկ վերանայման բողոքը ընդունել էր այս տարվա մարտի 14-ին:
Բողոքաբեր պաշտպանը հայտնել է, որ անձը հոգեկան առողջության խնդիր ունի, եւ որ քննչական գործողությունների ժամանակ նման դեպքերում անձի հետ պարտադիր է հոգեբանի մասնակցությունը, մինչդեռ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու ժամանակ նա պաշտպան չի ունեցել, հոգեբան չի եղել:
Անչափահաս կալանավորվածի համար բուժհաստատությունը տվել է տեղեկանք այն մասին, որ անձի մոտ առկա է «չափավոր մտավոր հետամնացություն» եւ «վարքի խանգարում»:
Պաշտպանը դատական նիստի մասին ծանուցված չի եղել, նիստի մասին «պատշաճ» տեղեկացվել է 40 րոպե ուշացումով, նրան չի տրվել ժամանակ, մարզ գնալու եւ պատրաստվելու ողջամիտ ժամկետ:
Պաշտպանը խնդրել է բեկանել դատական ակտը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ, մերժել կալանքի միջնորդությունը:
Այս գործով դատարանում առկա էր Կոտայքի մարզպետի գրությունը, համաձայն որի՝ մեղադրյալն ունի «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ մտավոր հետամնացություն թեթեւ», իսկ դիսպանսերներից մեկի տված եզրակացության համաձայն, նրա մոտ հաստատվել է «վարքի խանգարում» եւ «չափավոր հետամնացություն»:
Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն, մեղադրյալն ազատության մեջ մնալով կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք… հաշվի առնելով մեղադրյալի անձից բխող սոցիալական վտանգը, նրա կողմից նոր հանցանք կատարելու վտանգը մեծ է: Ըստ դատարանի՝ այլ խոսքով, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չի լինի ապահովել Ա.Մ.-ի պատշաճ վարքագիծը:
Վերաքննիչ դատարանը հղում կատարելով մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ դատական նիստին քննիչի կողմից ներկայացրած միջնորդությանը, արձանագրել է. «Գործող քրեադատավարական օրենսդրության իրավակարգավորումների ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ օրենսդիրը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը պաշտպանի պարտադիր մասնակցություն չի նախատեսում»: Վերաքննիչ դատարանը նաեւ անդրադարձել էր անչափահասի հոգեկան առողջության հետ կախված խնդիրներ ունենալուն, արձանագրել, որ գործի նյութերում առկա չէ փորձագետի եզրակացություն, որով կհաստատվեր, որ վերջինս չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, ընդունում է, որ ներկայացված էր դիսպանսերներից մեկի բժշկական եզրակացությունը…
Իսկ Վճռաբեկ դատարանի հարցադրումներից մեկն այն էր, թե արդյոք դատարանը ապահովե՞լ է Ա.Մ.-ի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու վարույթի արդարացիությունը:
Վճռաբեկ դատարանը քննչական գործողություններին հոգեբանի պարտադիր մասնակցության մասին փաստել էր հետեւյալը. «Քննչական գործողությունների կատարման որոշ ընդանուր կանոններ եւ առանձնահատուկ երաշխիքներ են նախատեսում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար: Մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող ցանկացած քննչական գործուղությանը պարտադիր ներգրավվում է հոգեբան: Վերոհիշյալ հավելյալ երաշխիքը սահմանելիս օրենսդիրը որպես չափանիշ է ընդունել ոչ թե անձի վարույթային կարգավիճակը, այլ նրան բնութագրող եւ մյուսներից տարբերակող օբյեկտիվ այլ հատկանիշ»:
Ըստ Վճռաբեկ դատարանի, խոցելի խմբին պատկանող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությանը հոգեբան ներգրավվելու էությունն ու նշանակությունը սկզբունքորեն ենթադրում է, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի լավագույն շահն առավելագույնս ապահովելու նպատակով դատական վարույթին անխուսափելիորեն պետք է երաշխավորվի ըստ անհրաժեշտության հոգեբանի մասնակցություն:
Անդրադառնալով առաջին ատյանին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը գտնում է, որ առաջին ատյանի դատարանն իր ձեռքի տակ ունենալով Ա.Մ.-ի հոգեկան առողջության վերաբերյալ տվյալներ. «Պետք է գնահատեր, թե արդյոք մեղադրյալն առանց դժվարությունների կարող է ինքնուրույն պաշտպանվել»: Այսինքն, քրեական պալատի գնահատմամբ, պարտադիր էր այս դեպքում նաեւ այս վարույթով պաշտպանի մասնակցությունը: Առաջին ատյանի դատարանը միջոցներ պետք է ձեռնարկեր կամ պաշտպանին փոխարինելու կամ անհնարինության դեպքում՝ նիստը հետաձգեր:
Վճռաբեկ դատարանը որոշեց ճանաչել մեղադրյալի իրավունքի խախտման փաստը, Վերաքննիչ դատարանի որոշումը թողեց անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2024