Հիերոնիմոս Բոսխի մարգարեական կտավի մոտիվներով
Հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմոս Բոսխ՝ «Հիմարների նավը»: Փոքրիկ կտավ (33X58 սմ), որը ստեղծվել է 15-րդ դարի վերջին տարիներին: Հիմնական սյուժեն կարծես թե պարզ է՝ մարդիկ նստած քեֆ են անում: Առագաստի ծայրին արդեն պատրաստի, խորոված գոճի է կախված, եւ խնջույքի մասնակիցներից մեկը, դանակը ձեռքին, բարձրանում է՝ այդ խոճկորից մի կտոր պոկելու համար:
Բայց նայեք մի քիչ էլ վերեւ. այնտեղ դեղին դրոշակ է, որի վրա լուսին է պատկերված: Իսկ հետո «պարզվում է», որ առագաստն ամենեւին առագաստ չէ՝ դա ծառ է, որի սաղարթի մեջ տեղադրված է գանգը, եւ դա Ադամ Կադմոնի, այսինքն՝ առաջին մարդու գանգն է:
Հիմարների նավն ակնհայտորեն անշարժ է՝ նախ եւ առաջ այն պատճառով, որ դրա ուղեւորները բացարձակ շահագրգռվածություն ցույց չեն տալիս՝ ինչ-որ մի տեղ հասնելու՝ ուշքն ու միտքը սնվելն է: Նրանց դեմքերը միատեսակ են, կարծես՝ փայտե տիկնիկներ են՝ տարբեր շորերով: Զանգված են, մի խոսքով: Եթե ուզում եք, Շարիկովներ, որոնք երգում են ԺԵԿ-ի երգչախմբում:
Կարդացեք նաև
Հիմարությունը բանականությունն անջատելու մեջ է, մտախաբկանքն է (հալյուցինացիան), որին անշուշտ նպաստում է կուժերում, թասերում, բաժակներում առկա ալկոհոլը: Մտախաբկանքն ուղեղն իսպառ անջատելու պարագայում ստորին բնազդների տարերքի մեջ է: Այդ պայմաններում նավը, այսինքն՝ պետությունը, հասարակությունը, մարդկային միտքը կարող են միայն անշարժ լինել:
Լուսինը դրոշակի վրա թուլության, թուլակամության խորհրդանիշ է: Իսկ Ադամի գանգն ակնարկում է, որ Աստված 5 օր հաջողությամբ ստեղծել է աշխարհը, իսկ ահա 6-րդ օրվա աշխատանքը լիակատար հաջողությամբ չի ավարտվել: Վկա՝ կտավի հերոսների դեմքերը:
Կտավն առաջին հայացքից ինչ-որ «անմեղ խնջույքի» մասին է պատմում: Բայց երբ փորձում ես խորանալ, ապա տեսնում ես, որ դա սարսափ է՝ ավելի մեծ սարսափ, քան Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերի «ամենավախենալու» պահերը: Բոսխն, ըստ էության, դժոխքն է պատկերել: Արվեստագետը, որը մահացել է 1515 թվականին, զգում էր, թե ո՛ր ուղղությամբ է գնում քաղաքակրթությունը, որովհետեւ, մասնավորապես, իր հայրենիքում եւ Իտալիայում արդեն սկսվում էր նոր դարաշրջանը` անշուշտ, իր բոլոր ձեռքբերումներով, բայց նաեւ՝ «որկրամոլ» հիմարությամբ:
Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում լույս է տեսել հիմարությանը նվիրված մեկ այլ հայտնի ստեղծագործություն՝ Էռազմ Ռոտերդամցու «Հիմարության փառաբանումը» (1509): «Ի տարբերություն մռայլ մարդկանց, որոնք հյուծվել են փիլիսոփայության ուսումնասիրությունից կամ այլ դժվար զբաղմունքներից, իմ հիմարիկները ողորկ են, սպիտակ, փայփայված մորթիով, իսկական խոզուկներ, նրանք երբեք տարիքի բեռը չեն զգում, եթե, իհարկե, չվարակվեն՝ շփվելով խելոքների հետ», – հեգնում էր Էռազմը: Հետաքրքիր չէ՞, որ այստեղ նույնպես հանդիպում ենք «խոզուկի» փոխաբերությանը:
Փոխաբերական իմաստով «բտվելու», իսկ ուղիղ իմաստով՝ ամեն գնով «երջանկանալու» եւ «հաջողության հասնելու» փիլիսոփայությունն իր վերջնական ձեւակերպումն է ստացել 18-րդ դարի երկրորդ կեսին: Կապիտալիզմի հաղթարշավը քանդում էր ոչ միայն նահապետական հարաբերությունները, այլեւ բարոյական նորմերի ողջ համակարգը: Իհարկե, ինչպես նախորդ դարերի ընթացքում, այդպես էլ այն ժամանակ հզոր ուղեղները դրան հակադրվում էին: Մերժելով բարոյական սուբյեկտիվիզմը՝ Իմանուիլ Կանտը բացարձակացնում էր, ունիվերսալ էր դարձնում բարոյական նորմերը՝ ձեւակերպելով դրանք որպես կատեգորիկ իմպերատիվ: Տվյալ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ բացատրել, թե ինչ է դա՝ տվյալ դեպքում կարեւոր է, որ օգտապաշտական (ուտիլիտար) «հարաբերականին» հակադրվում էր «բացարձակը»: Բայց քանի որ 18-րդ դարի վերջին թատերաբեմում վճռորոշ դերակատարություն սկսեց ունենալ զանգվածը («ժողովուրդը»), բացարձակը, հունական «էյդոսը» հաղթելու շանսեր չուներ:
Այդպես մարդկությունը մտավ 20-րդ դար: «Քաղաքական դրաման խաղացվել է. մնում է վերջաբանը, որը, սակայն, ինչպես Իբսենի մոտ, կարող է ձգվել մի քանի գործողություններով: Բայց բովանդակությունն, ըստ էության, նախօրոք հայտնի է», – 1900թ.-ին գրում էր ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը: Գուցե դա իսկապե՞ս մի քանի դար ձգվող դրամա է, եւ 20-րդ դարի համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ այսօրվա աղետներն այդ դրամայի վերջին արարն են: Համենայնդեպս, գոնե ինձ համար պարզ է, որ այսպես կոչված՝ «Վերածննդի» շրջանում սկսված շրջափուլը մոտենում է իր ավարտին. որքան էլ զորեղ ու արգասաբեր լիներ «մոդեռնը», այն սպառել է իր ներուժը:
… ՔՊ-ականները հանդիպեցին Փաշինյանի հետ ու քննարկեցին գաղափարախոսական հարցեր: Օրինակ, ինչպես է պետք փաթաթել խաշլամայի դուռումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2024