ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու որդին քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Վաղեմության ժամկետների լրանալու հիմքով դատարանը դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Ամեն ինչ սկսվել էր Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների մասին «Հետքի» հետաքննությունից հետո, որի առաջին մասը հրապարակել էինք 2018-ի նոյեմբերին: Դրանց թվում էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր (2012-2017 եւ 2018-2019 թթ.), էջմիածինցի Հրանտ Դավթյանը:
Մեր նյութը հետաքրքրել էր իրավապահներին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը: Ի վերջո, 2020 թ. փետրվարին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ չհայտարարագրելու հիմքով: 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում էր 2-4 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Քրեական գործն այնուհետ ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե)՝ նախաքննություն իրականացնելու:
Չնայած Հ. Դավթյանը հայտարարագրել էր Դուբայի այն բնակարանը, որի մասին գրել էինք, իրավապահների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ նա եւ որդին՝ Արսեն Դավթյանը, չեն հայտարարագրել Հայաստանում գտնվող իրենց գույքի ու եկամուտների մի մասը: 2020-ի սեպտեմբերին հայր եւ որդի Դավթյաններին մեղադրանք էր առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Նույն ամսում՝ 2020-ի սեպտեմբերին, ՀՔԾ քննիչը որոշել էր Դավթյանների գործը միացնել Ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության նախկին (2018-2019 թթ.) պետ Բաբկեն Սեդրակյանի գործին ու քննել մեկ վարույթում: Սեդրակյանի մասին եւս գրել էինք, որ նա ու կինը բնակարան ունեն Դուբայում (Սեդրակյանը ներկայում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է): Սեդրակյանի գործը նույնպես գույք չհայտարարագրելու վերաբերյալ էր:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում