Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի տեղական օրենսդրությունը հույսեր է արթնացնում քաղաքի ապօրինի ներգաղթյալների շրջանում. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 03,2024 23:59

Կլաուդիա Վենտուրան 20 տարի ապրում է Լոս Անջելեսում։ Այստեղ աշխատանք և ընտանիք ունի, բայց ոչ իրավական կարգավիճակ՝ ոչ: Վենտուրան Լոս Անջելեսի մոտ 800 հազար բնակիչներից է, ովքեր չունեն ԱՄՆ-ում բնակվելու, գտնվելու իրավական կարգավիճակ, և, ինչպես շատերը, անհանգիստ է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

«Հիմա փողոցում շատ մարդկանց չեմ տեսնում։ Կարծում եմ, որ մարդիկ վախենում են արտաքսվելուց»,- ասում է նա:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 19-ին հաստատել է, այսպես կոչված, «անվտանգ քաղաքի» օրենսդրությունը, ինչը նշանակում է, որ տեղական ոստիկանությունը և նահանգային իշխանությունները չեն կարող մարդկանց իրավական կարգավիճակի մասին տեղեկատվությունը փոխանցել դաշնային ներգաղթի մարմիններին, եթե լուրջ հանցագործություն առկա չէ:

Լոս Անջելեսի ներգաղթյալների իրավունքների կոալիցիայի ներկայացուցիչ Խորխե-Մարիո Կաբրերան աջակցում է օրենսդրությանը:

«Այսպիսի քաղաքային կարգավորումը շատ ուժեղ ուղերձ է Լոս Անջելեսի համայնքին և ողջ երկրին, որ Լոս Անջելեսում առկա ռեսուրսները կօգտագործվեն՝ համայնքը անվտանգ պահելու, համայնքը սեփական ղեկավարներին վստահելու նպատակով»,- ասում է Կաբրերան:

Այնուամենայնիվ, քաղաքում ոչ բոլորն են համաձայն նոր օրենսդրության հետ: Թրամփի կողմնակիցները (ընտրությունների համաձայն՝ բնակիչների մոտ 38%-ը) չեն ցանկանում, որ Լոս Անջելեսը լինի «անվտանգ քաղաք»։

«Կարծում եմ՝ սա խայտառակություն է։ Պետք է առաջին հերթին հոգ տանենք մեր մասին: Երբ ասում ենք՝ նախևառաջ Ամերիկա, չի նշանակում, որ մենք հոգ չեք տանում ուրիշների մասին, այլ պարզապես նշանակում է, որ առաջին հերթին հոգ ենք տանում մեր մասին»,- ասում է Կալիֆոռնիայի բնակիչ Լինդա Հաննան:

Հաննայի ծնողները Մեքսիկայից են։ Նրանք օրինական ճանապարհով են եկել Միացյալ Նահանգներ, և կարծում է՝ ով այդ արել է անօրինական եղանակով, պետք է արտաքսվի:

Լոս Անջելեսը 1979 թվականից արգելել է ոստիկանությանը կամ ներգաղթի հարցերով պաշտոնյաներին հարցաքննել անձին իր ներգաղթի կարգավիճակի վերաբերյալ:

Այդուհանդերձ, քաղաքային նոր կարգավորումները չեն նշանակում, թե Լոս Անջելեսից չեն կարող արտաքսումներ իրականացվել, այլ նշանակում է, որ տեղի իշխանությունները չեն օգնի դաշնային իրավապահներին գտնել և արտաքսել առանց փաստաթղթերի մարդկանց:

Ներգաղթի հարցերով փաստաբան Տատյանա Էդվարդս-Բեհարն ասում է․ «Դաշնային սպաները կսկսեն զանգվածաբար փնտրել [ապօրինի ներգաղթյալներին] գործարաններում, գյուղատնտեսության ոլորտում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ամենայն հավանականությամբ աշխատում են առանց փաստաթղթերի ներգաղթյալներ»:

Իրավապաշտպան Կաբրերայի խոսքով՝ համաներումն ավելի լավ գաղափար է, քան արտաքսումը. «Պետք է պնդենք, որ զանգվածային օրինականացումը լինի տարբերակ, և որ այս երկրում ներգաղթյալների հետ վարվելու ավելի լավ միջոց լինի»:

Գալիք տարվա հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից հետո Թրամփը չի բացառել, որ կարող է համերկրային արտակարգ դրություն հայտարարել և օգտագործել ԱՄՆ զինուժը զանգվածային արտաքսումներ իրականացնելու համար։

Ներգաղթի հարցերով փաստաբանները ԱՄՆ նոր նախագահի նման որոշման դեմ խոստացել են պայքարել դատարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031