Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Կարևոր է,  որ փաստաբանն այդ մասին բարձրաձայնել է, և միջազգային իրավապաշտպան կառույցները, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները դրան պետք է ուշադրություն դարձնեն. Սիրանուշ Սահակյան. News.am

Դեկտեմբեր 03,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մինչև COP29-ը մամուլում հրապարակումներ, այդ թվում՝ արտահոսքեր եղան, թե  քննարկվում է COP29-ին Հայաստանի մասնակցության դիմաց մի քանի գերիների ազատ արձակման հնարավորությունը: Սակայն նման բան տեղի չունեցավ, Հայաստանն էլ այդպես էլ  մինչև վերջ որևէ պաշտոնական դիրքորոշում չհայտնեց, թե որոնք էին COP29-ին չմասնակցելու պատճառները: Այս և հայ գերիների ու քաղբանտարկյալների հետ կապված այլ թեմաների շուրջ NEWS.am-ը զրուցել է միջազգային կառույցներում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան  Սիրանուշ Սահակյանի հետ:

 

Տիկին Սահակյան, մինչ COP29-ը կանխատեսում էր, որ հնարավոր է Ադրբեջանը մի քանի գերի ազատ արձակի: Սակայն նման բան տեղի չունեցավ: Ձեր կարծիքով, ո՞րն էր պատճառը: Արդյո՞ք Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումը:

Կարծում եմ,  բանակցությունների ոչ հաջող ընթացքն էր պատճառը, որ հայկական պատվիրակությունը ձեռնպահ մնաց մասնակցությունից: Դատելով հայտարարություններից՝ Հայաստանի պատվիրակության մասնակցության գինը որոշակի թվով գերիների վերադարձն էր, որի շուրջ, ցավոք, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:  Բնականաբար, դա չէր վերաբերում  Արցախի նախկին ղեկավարությանը: Իմ դիտարկումներով՝ քննարկումներ և բանակցություններ եղել են, և հայկական կողմը կարող էր լեգիտիմորեն ապահովել իր ներկայությունը ՝ որոշակի թվով գերիների ազատ արձակման դիմաց, նաև հաշվի առնելով միջազգային կոչերն ու ճնշումները, բայց քանի որ ադրբեջանական կողմը հանձն չի առել ազատել անգամ սահմանափակ թվով գերիների, Հայաստանը ձեռնպահ է մնացել ացելելուց: Դրանով փակվել է նաև մյուս կարևոր  հարցը՝ թե Հայաստանի ներկայացուցիչը  այնտեղ գտնվելով, ի՞նչ խնդիրներ պետք է բարձրացներ:

Դրականն այն էր, որ գոնե այլ  երկրների պատվիրակների կողմից  այնտեղ  բարձրացվեցին մարդու իրավունքներին առնչվող, այդ թվում ՝ հայ գերիների ու պատանդների հարցերը:

Դեռ ամառվանից Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարում է, թե  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ նախաքննությունն  ավարտվել է և գործերն ուղարկվել են դատարան, սակայն դատավարություններն այդպես էլ չեն սկսվում: Ձեր կանխատեսումներով, ե՞րբ կարող է սկսել դատավարությունը:

Տարբեր կանխատեսումներով՝   դատավարությունները կարող են սկսվել 2025թ. ձմռանը կամ վաղ գարնանը: Հիմա արդեն, COP29-ի ավարտից հետո, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը կենտրոնանալու է  բանակցային գործընթացի վրա՝ փորձելով  արտաքին գործընկերների մոտ «խաղաղության պայմանագրի» չստորագրման բեռը դնել հայկական կողմի վրա: Հավանական ենք համարում, որ տոնական օրերից հետո մեկնարկեն դատական գործընթացները, որոնք ևս  կիրառվելու են որպես գործիք՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով: Ընթացքում հնարավոր են ձգձգումներ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործերը շինծու են, չկա ապացուցողական բազա, և որոշակի ժամանակ է պահանջվելու, որպեսզի Ադրբեջանի իրավապահ համակարգը  ջանասիրաբար ապացույցներ կեղծի և  դրանք ներկայացնի դատարանում՝  հանրության մեջ տպավորություն ստեղծելով, թե իբր  կատարված արարքներն  իրենց մեջ հանցակազմ են պարունակում:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջան գլխավոր դատախազությունը չի թույլատրել նրա այցը Բաքու և հանդիպումն իր պաշտպանյալի հետ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի դատական գործընթացին միջազգային մասնագիտական ներկայություն ապահովվի: Արդյո՞ք նման հնարավորություն կա:

Այն, որ փաստաբանին թույլ չեն տվել, զարմանալի չէ, այլ բան կարծես սպասելի էր չէր: Նաև կարևոր է,  որ փաստաբանն այդ մասին բարձրաձայնել է , և  միջազգային իրավապաշտպան կառույցները, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները դրան պետք է ուշադրություն դարձնեն:

Ինչ վերաբերում է շինծու, բեմականացված դատավարություններին միջազգային ներկայությանը, ապա ես իմ հարցազրույցներից մեկում  նշել էի,  որ պետությունը, ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի,  հնարավորություն ունի այլ երկրում բանտարկված իր քաղաքացիների համար  հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովել, այդ թվում՝  հասնել նաև դատավարության ընթացքում միջազգային ներկայության:

Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, կառավարությունը  կարող է  լիազորել երրորդ երկրի իր անունից հյուպատոսական ծառայություն մատուցելու իր կալանավորված քաղաքացիներին:

Բայց դա միայն պետության գործառույթ  է, որը պարտավոր է իր քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ արդյունավետ բանակցությունների վարել: Ինչ վերաբերում է իրավական ոլորտին, ապա այստեղ բավականաչափ աշխատանք  տարվում է միջազգային  համապատասխան կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031