Առաջարկվում է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով սահմանափակել էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական հիմքեր:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում կատարել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ու մի շարք այլ օրենքներում:
Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:
Պատգամավորն ընդգծել է, որ ըստ հետազոտությունների` 2022 թվականին դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ:
Կարդացեք նաև
Հիմնական զեկուցողի խոսքով էներգետիկ ըմպելիքների սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչեւ 18 տարեկան անձանց եւ սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը: Պատգամավորի խոսքով կան գազավորված հայտնի ըմպելիքներ, որոնք ավելի մեծ տարածում ունեն դեռահասների շրջանում ու պակաս վնաս չեն հասցնում նրանց առողջությանը: Ուստի, հարակից զեկուցողն առաջարկել է մեկ այլ կարգավորմամբ լուծել նաեւ այդ հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախարարի խոսքով Կառավարության համար առողջապահության շահը գերադասելի է տնտեսական շահից, այդ իսկ պատճառով կողմ են արտահայտվել օրենքի նախագծին:
Պատգամավորներն իրենց ելույթներում եւս կարեւորել են օրենքի նախագծի ընդունումը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:
ՀՀ Ազգային ժողով