Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ներկայացնում ենք արվեստի և մշակույթի հասանելիությունը նորովի ներկայացնող ոգեշունչ նախաձեռնություններից մեկը:
2023թ․ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն մեկնարկեց «Շոշափելով բացահայտենք թանգարանները․ տեսնենք անտեսանելին» նորարարական ծրագիրը՝ ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի «Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։
Գնահատվեցին Գյումրու թանգարանների կարիքները և կազմակերպեց ուսուցում ներառման ու հասանելիության ապահովման հարցերի վերաբերյալ։ Գյումրի քաղաքի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնի և տեղի թանգարանների համագործակցության արդյունքում ստեղծվեցին թանգարանային նմուշների շոշափելի կրկնօրինակներ։
Այժմ այցելուները, այդ թվում՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուները, կարող են հաղորդակից դառնալ Գյումրու հարուստ արհեստներին ու արվեստներին, ծանոթանալ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղարվեստական ժառանգությանը՝ շոշափելու և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։
Արդյունքն իրապես աննախադեպ է․ ներառական մշակութային փորձառություն, որտեղ ընդգծվում է բազմազանությունը և որը նոր ստանդարտ է սահմանում համընդհանուր հասանելիության տիրույթում։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ջանքերի շնորհիվ այս ծրագիրն օգնում է արվեստի և մշակույթի միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։
Երևանում ԱՄՆ դեսպանատուն