«Ուզում եմ հիացմունքի խոսքեր ասել վրաց այն պաշտոնյաներին, որոնք հիմա հրաժարական են տալիս՝ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դեսպաններ, պաշտպանության նախարարության, ոստիկանության պաշտոնյաներ։ Նրանք հիշեցին, որ առաջին հերթին վրացի են, հետո ոստիկան»,-ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ի համերաշխություն Վրաստանի պայքարող ժողովրդի Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) կողմից կազմակերպված հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։
Զուգահեռ անցկացնելով հայ պաշտոնյաների հետ՝ նա ասաց․ «Ի տարբերություն հայ պաշտոնյաների, հայ նախարարների, ՔՊ-ական պաշտոնյաների, դեսպանների, ոստիկանների և ԱԱԾ աշխատողների, որոնց համար առաջին հերթին իրենց գրպանն ու պաշտոնն է։ Իշխանական Իվանիշվիլիի բուրգը փլուզվում է․ շուտով տեսնելու ենք հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում՝ Բելառուսից մինչև Հայաստան։
Ռուսաստանը շուտով փլուզվելու է, և ՀՀ-ն ու Վրաստանը դառնալու են քաղաքակիրթ աշխարհի մաս։ Այն նոր աշխարհակարգը, որը ստեղծվելու է Հարավային Կովկասում փոխվելու է Լենին-Քեմալ, Պուտին-Էրդողան ստատուս քվոն և աշխարհակարգը, որը ստեղծվել ու գործում է հարյուր տարուց ավելի։ Հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է թե′ Վրաստանում, թե′ ՀՀ-ում, և դա անելու է թե′ վրաց ժողովուրդը, թե′ հայ ժողովուրդը»։
Վահե Գասպարյանը նշեց՝ վրաց ժողովուրդն արել է իր ընտրությունը 1918-ին․ «Նույնն արել է հայ ժողովուրդը, և այդ ընտրությունն արյան մեջ խեղդել է կարմիր բանակը՝ 1920-1921-ին օկուպացնելով և անեքսիայի ենթարկելով թե′ մեր եղբայրական Վրաստանը, թե′ մեր Հայաստանը։ Նրանք նույնը արեցին 1991-ին»։
Կարդացեք նաև
Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ եկել է Խորհրդային Միության դե ֆակտո փլուզման ամիսներն ու ժամանակը․ «Այս ամիսներին ստեղծվում է նոր աշխարհակարգ, և պուտինյան ռեժիմի տապալումից հետո ՌԴ-ն հեռանալու է Հարավային Կովկասից։ Դոմինոյի էֆեկտի պես պուտինյան խամաճիկները մեկը մյուսի հետևից ընկնելու են։ Այսօր ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վրաց ժողովրդի հանդեպ, որ օրուգիշեր ձմռան ցրտին, գիշերվա մութ ժամերին, ջրցանի սառը ջրի տակ, սոված, անքուն գիշերներ վրաց երիտասարդությունը պայքարում է իր երկրի ապագայի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջի