«Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց․ «Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար: Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարում է՝ բանակը եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում:
ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ժամանակներում, տարբեր բնույթի և լրջության ելույթներ են հնչել, սակայն տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է մեր երկրի՝ ազգ-նահատակի իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ, տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց: Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց»։
Ըստ Աբրահամյանի՝ ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության ամուր սատարմամբ և ներդրմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին՝ իր ռեսուրսների ու ներուժի պայմաններում, դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ