Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների նկատմամբ կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելանում է. Դավիթ Թումասյան

Դեկտեմբեր 03,2024 18:23

Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների կտրուկ աճ է գրանցվել: Ըստ Ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ 2021թ. ներկայացվել է 268 հանցագործության մասին հաղորդում, 2022թ.` 390, 2023թ.` 786, և 2024թ. միայն առաջին կիսամյակում` 389:

Ընտանիքի անդամների կողմից անչափահասների նկատմամբ հանցագործությունների թիվը ևս կտրուկ աճել է 2024թ.: Եթե ամբողջ 2022թ. ընթացքում հայտնի է դարձել ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ կատարված 3, իսկ 2023թ.՝ 16 հանցագործության մասին, ապա՝ 2024թ. միայն առաջին կիսամյակում ըստ ՆԳՆ տվյալների՝ կատարվել է 38 հանցագործություն:

2024թ. ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ կատարված հանցագործության հիմքով նախաձեռնված քրեական վարույթները հիմնականում վերաբերում են անչափահասի առողջությանը թեթև վնաս պատճառելուն, հոգեկան ու ֆիզիկական ներգործությանը, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, շահագործելուն:

Քննչական կոմիտեի տվյալներով էլ 2022թ. քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ, 2023թ՝ 1159, իսկ 2024թ. առաջին կիսամյակում՝ 1032:

Երեխաների նկատմամբ կատարվող հանցագործությունների թվի աճի, պատկան կառույցների աշխատանքի արդյունավետության ու սոցիալական աշխատողների դերի մասին զրուցել ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանի հետ:

Դավիթ Թումասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Պարոն Թումասյան, ըստ Ձեզ ո՞րն է հանցագործությունների թվի այսպիսի կտրուկ աճի պատճառը:

-Պատճառները մի քանիսն են, բայց պետք է նշեմ նաև, որ ոչ միայն դեպքերի թիվն է աճել, այլ նաև դիմելիությունն է ավելացել:

Եթե նախկինում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը փոքր տոկոս էր կազմում, հիմա գնալով մեծանում է, օրինակ, ֆիզիկական ներգործությունը, թեթև մարմնական վնասվածք պատճառելը և այլն: Դրան զուգահեռ` ավելանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչը նշանակում է, որ ինքնին նաև բռնությունը ստանում է շատ դաժան դրսևորում, և եթե երեխաների սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, երեխաների առևանգման դեպքերը նախկինում քիչ էին, հիմա ավելացել են:

Հանցագործությունների թվի աճի մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ 2022թ. հուլիսի 1-ից օրինական ուժի մեջ են մտել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ոստիկանությունն այլևս չի իրականացնում հետաքննություն և բոլոր հանցավոր դեպքերի մասին ստացած հաղորդումներն ուղարկում են Քննչական կոմիտե: Եվ Քննչական կոմիտեն 2023-2024թթ. վիճակագրությունը ներկայացնելով՝ ներկայացրել է նաև այն բոլոր դեպքերը, որոնք հետագայում կարճվել են, և այդ վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության փոփոխության հետևանքով թվերի կտրուկ աճ տեղի ունեցավ:

-2022թ. հուլիսից պարտադիր տեսաձայնագրվում են հարցաքննվողները, այդ թվում՝ երեխաները: Դա չի՞ խանգարի, որ ծնողները աստիճանաբար խուսափեն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց:

-Միանշանակ՝ ոչ: Տեսաձայնագրությունը միտված է նրան, որ ավելի դյուրինացնի ամբողջ գործընթացը: Եվ քանի որ 2022թ. հուլիսի 1-ից պարտադիր է հոգեբանների մասնակցությունը հարցաքննություններին և մյուս քննչական գործողություններին, այդ մարդկանց գործառույթներից մեկը նաև անվտանգ միջավայրի ստեղծումն է: Անձը կարող է վախենալ այդ տեսաձայնագրումից, եթե ինքը չգիտի, թե ինչ նպատակով են օգտագործում, բայց եթե բացատրում են, որ բացառապես վարույթի համար է և օգտագործվում է որպես ապացույց, և կարողանում են մարդկանց մոտ այդ վստահությունը ձևավորել՝ որևիցե խնդիր պրակտիկայում չի առաջանում: Իհարկե, ամենասկզբից, երբ որ դա ներդրվում էր՝ դա նաև խնդրահարույց էր հոգեբանների և քննիչների տեսանկյունից, որովհետև իրենք էլ պատրաստ չէին, այսպես ասած, ուղիղ եթերով կատարեին իրենց գործողությունները, բայց հիմա այդ գործընթացները կազմակերպվում են շատ պատշաճ: Թե քննիչները, թե հոգեբանները, թե դատավարության մասնակիցները, որոնք հարցաքննվում են՝ իրենք որևիցե դիսկոմֆորտ չեն զգում: Այդ տեսաձայնագրությունները պահվում են բացառապես վարույթի շրջանակներում, փոխանցվում են դատարան և արխիվացվում են ընդհանուր կարգով:

-Այսօր ո՞ր կառույցներն են պատասխանատու կանխել ընտանիքում անչափահասի նկատմամբ կատարվող հանցագործությունները: Ինչպե՞ս կգնահատեք այդ կառույցների աշխատանքի արդյունավետությունը:

-Բռնության բոլոր դեպքերի առնչությամբ ունենք սոցիալական համագործակցության անհրաժեշտություն, որը սահմանված է Կառավարության 2015թ.1044 Ն որոշմամբ՝ «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու» մասին որոշումն է: Այստեղ ներգրավված են և համապատասխան սոցիալական ծառայությունները, և դպրոցը, և ոստիկանությունը, և բոլոր այն գերատեսչությունները, որոնք առնչվում են երեխայի հետ, և այս պայքարը պետք է լինի բազմակողմանի: Այսինքն՝ եթե դպրոցն է իմանում դեպքի մասին ինքն ունի իր ընթացակարգը, եթե հիվանդանոցն է իմանում՝ իր ընթացակարգը, ոստիկանությունը՝ իր, և այդպես շարունակ:

Այլ հարց է, որ երբեմն մենք ունենում ենք խնդիր համագործակցության տեսանկյունից, կամ օրինակ, դպրոցներում բռնության դեպքերի բացահայտման ժամանակ նույն ուսուցիչը շատ չեզոք դիրք կարող է զբաղեցնել և որևէ ընթացք չտալ: Կամ եթե ինքն անգամ ներկայացնում է տնօրենին, տնօրենն ասում է. «Մեր գործը չի, դպրոցում տեղի չի ունեցել, ոչինչ, որ իր մոտ կապտուկ է», և որևիցե ընթացք չի տալիս, և արդյունքում ստացվում է, որ որոշ դեպքեր կոծկվում են:

Իհարկե, գտնել մեղավորին անհնարին է, որովհետև տեղեկատվության աղբյուրները շատ տարբեր են, բայց միանշանակ կարելի է փաստել այն, որ տարեցտարի դիմելիությունն ավելանում է և սա հիմնականում պայմանավորված է բնակչության իրավագիտակցության բարձրացմամբ: Եթե նախկինում երեխայի նկատմամբ բռնության դեպքով լռում էին, հիմա ավելի շատ դիմում են. փողոցում կարող է տեսնեն երկու մեծահասակի կռիվ՝ չահազանգեն, բայց երբ տեսնեն մեծահասակը հարվածում է երեխային՝ հաստատ միջամտում են և արձագանքում են ինչ-որ մի ձևով: Դրա համար այս պարագայում բարդ է մեկ թիրախ գտնել, բայց բոլոր դեպքերում դրական միտում ունենք:

Բացի դրանից՝ եկող տարի նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների մակարդակով վերանայել երեխայի պաշտպանության ամբողջ համակարգը, այստեղ հստակեցվելու են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ընդլայնվելու է սոցիալական աշխատողների ունեցած գործիքակազմը: Եվ դրա շրջանակում կարծում եմ համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ:

-Մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են, որ պատկան կառույցները պետք է ունենան բավարար սոցիալական աշխատողներ, որոնք պարբերաբար կայցելեն մասնավորապես խոցելի ընտանիքներ, գնահատելու այդ ընտանիքում ապրող երեխայի ապրելակերպը, ինչը կարող է նաև կանխել հանցագործությունների թիվը:

-Միասնական սոցիալական ծառայությունը վաղուց ստեղծվել է և այնտեղ աշխատող անձինք մեծամասամբ սոցիալական աշխատողներ են, ովքեր տունայցի իրավունք ունեն և իրականացնում են: Սոցիալական աշխատողներ կան նաև համայնքներում և համայնքի սոցիալական աշխատողն էլ ունի բավականին մեծ գործառույթ այս ոլորտում՝ երեխայի նկատմամբ բռնությունների կանխարգելման տեսանկյունից: Ավելին՝ շատ հաճախ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի և համայնքային սոցիալական աշխատողի տունայցերը լինում են համատեղ, այսինքն՝ իրենք գալիս են խնդիրը գնահատում են, յուրաքանչյուրն իր գործառույթի շրջանակում դա իրականացնում է: Իսկ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի ընդունմամբ, որը պատրաստել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ուզում են հզորացնեն այդ գործիքակազմը, թե չէ մասնագետներն այս պահին գոյություն ունեն, ճիշտ է, ոչ շատ մեծ գործիքակազմով ու լիազորություններով, բայց տունայց հաստատ կատարում են և ռիսկի գնահատում կարող են իրականացնել:

-Նշում ենք, որ տունայց իրականացնում են, բայց 2021թ. Նոր Խարբերդում 1.5 տարեկան երեխային մայրն ու խորթ հայրը սպանեցին ծեծելով, պարբերաբար ծեծել էին երեխային: Սոցիալապես անապահով ընտանիք էր, վագոն-տնակում էին ապրում: Եթե սոցիալական աշխատողի ինստիտուտը գործում է, ապա ինչպե՞ս չեն կանխվում նման դեպքերը, այսինքն՝ աշխատակիցներն իրենց պարտականությունները չե՞ն կատարում:

-Շատ սխալ է ասել, որ եթե ունենք ներդրված ինչ-որ մի ինստիտուտ, ապա պարտադիր պետք է բռնությունը վերանա, որպես քրեական իրավունքի մասնագետ ասում եմ, որ բռնությունը երբեք չի վերանա: Բռնի հանցավորությունը կվերանա հասարակության վերացման դեպքում: Այո, մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ բռնությունը լինում է անապահով ընտանիքներում, բայց մենք շատ դեպքեր ունենք, երբ գույքային, կենցաղավարման և նման այլ հարցեր չունեցող ընտանիքներում ունենում ենք բռնության շատ դաժան դրսևորումներ: Այսինքն՝ դա փոխկապակցել ընտանիքի սոցիալ-տնտեսական կամ ֆինանսական վիճակի հետ՝ այդքան էլ ճիշտ չէ:

Երկրորդը՝ մենք ունենում ենք դեպքեր, երբ ընտանիքները պարբերաբար փոխում են իրենց բնակության վայրը, օրինակ, մի ընտանիքը բնակվում է Գեղարքունիքում, այնուհետև տեղափոխվում Երևան ու այդ ընթացքում Երևանում չգիտեն, որ նման խոցելի ընտանիքը բնակություն է հաստատել որևէ վարչական շրջանում, բայց հենց այստեղ է բացահայտվում դեպքը: Տեղական ինքնակառավարման մարմինը պատասխանատու է բացառապես իր տարածքում տեղի ունեցող դեպքերի համար և նայում է իր տարածքում առկա ընտանիքները: Եթե այդ ընտանիքները նման վարքագիծ դրսևորելով փոխում են բնակության վայրը, մենք ունենք տեղեկատվության խնդիր, և եթե այդ մարդը ոչ մի տեղ չի դիմել, չի գրանցվել կամ ոչ մի նմանատիպ այլ գործողություն չի կատարել, որպեսզի իրեն նույնացնեն որպես այդ համայնքի բնակիչ, անգամ եթե շատ խոցելի է, տրամաբանական է, որ ոչ սոցաշխատողը կիմանա դրա մասին, ոչ անգամ ոստիկանությունը:

Մենք պետք է քաղաքացիներին էլ զուգահեռաբար ուժեղացնենք, այսինքն՝ իրենց իրավագիտակցության բարձրացման միջոցով տանք այն գործիքակազմը, որով կկարողանան պատշաճ արձագանքել տարբեր իրավիճակներում, եթե ականատես են լինում անչափահասի նկատմամբ որևէ հանցավոր արարքի կամ պատահական են իմանում, և այս մոտեցմամբ կպայքարենք տարբեր բացասական երևույթների դեմ:

-«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծում ամրագրված է, որ տարածքային կառավարման պետական մարմինը լիազորություն ունի դիմելու դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու հայցով: Գործող օրենքով նման լիազորություն վերապահվա՞ծ չէ տարածքային կառավարման պետական մարմնին:

-Ընտանեկան օրենսգրքում մի քիչ լղոզված է գրված, նշված է, որ ծնողական իրավունքից զրկելու անմիջական պարտականություն ունեն խնամակալության և հոգաբարձության մարմինները, իսկ մյուս բոլոր մարմինները, որոնք առնչվում են երեխայի հետ իրենք պետք է դիմեն դատարան, բայց չի մանրամասնում, թե որոնք են այդ մարմինները: Եվ քանի որ այդ առնչությունը կարող է ունենալ և մարզպետարանը, և քաղաքապետարանը, և դպրոցը, հետևաբար այն մարմինները, որոնց շրջանակը հստակ նշված չէ, իրենք որևիցե գործողություն այդ մասով չեն իրականացնում, փաստացի, պրակտիկայում, այդ գործընթացը թողնելով միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա: Իսկ նոր փոփոխությունների արդյունքում կհստակեցվի, որ առաջնային պարտականությունը ԽՀՄ-ներն ունեն, իսկ դրանից հետո եթե ԽՀՄ-ները վեցամսյա ժամկետում չեն իրականացնում դատարան դիմելու գործընթացը, արդեն դա իրականացվում է մարզպետների մակարդակով:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031