«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն արձանագրում են, որ իրենց խոստացվածը չի կատարվել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան« խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ վարորդներն աշխատանքային պայմաններից բացի, ունեն աշխատավարձի բարձրացման ու պարապուրդի հետ կապված բողոքներ. «Մարդիկ շատ պարզ հայտարարում են, որ այն կանխիկը, որը մտածում էին, թե վարորդներն իրենց գրպանն էին դնում, դա միայն իրենցը չի եղել։ Այնպես որ, ովքեր իրենց մեղադրում են, թող մի քիչ համեստ պահեն իրենց: Եվ կանխիկի քչացման դեպքում պետք է լիներ իրենց աշխատավարձերի ավելացումը, որն այս պահին չկա։ Ղեկավարությունն ասել է՝ ով չի ուզում, թող աշխատանքից ազատվի։ Իրենց անմիջական ղեկավարությունն այստեղ չէ, քաղաքային իշխանություններն էլ նշում են կանխիկի հետ կապված ստվերոտ կողմերը՝ ակնարկելով, թե վարորդները դրանից զրկվել են, դրա համար են գործադուլ անում:
Մենք տղաներին խնդրեցինք դուրս գալ երթուղի, մարդկանց տեղ հասցնեն, երեկոյան էլի գան այս դիրքին, բայց մարդիկ հաստատակամ են: Քաղաքում տիրող տրանսպորտային կոլապսը մնում է քաղաքային իշխանությունների պատասխանատվությանը: Քաղաքի բյուջեից 21 մլն դրամ տալիս են՝ ֆոտո/վիդեո տեխնիկա են առնում, 7 մլն դրամ էլ տալիս են բիզնես կլասի տոմս են առնում, որ Ավինյանը գնա Լոս Անջելես, լուրջ դեմքով նայի՝ հասկանալու, թե տրանսպորտն ինչպես են կառավարում, վերադառնա եւ գործ ունենա խաբված վարորդների բողոքի ալիքի հետ»։
Ավագանու անդամի խոսքով, այս ամենից առաջին հերթին տուժում է երեւանցին. «Անկախ ամեն ինչից, այն պայմանները, որում աշխատում են մեր վարորդները, ուղղակի ամոթ ու խայտառակություն է… համ վարորդն է դժգոհ, համ՝ ուղեւորը, բա դուք էդտեղ նստած ի՞նչ եք անում»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ