Այսօր վաղ առավոտից «Երևան ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդների բողոքի ցույցին մի քանի րոպեով միացավ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա եկել էր վարորդներին նախատելու, թե այս տարբերակը խնդրի լուծում չէ: Ըստ ավագանու անդամի՝ վարորդների ցույցի հետեւանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ են այսօր տուժել:
«Առաջացած խնդիրները պետք է միանշանակ վերանայել: Բայց թե ինչ, ոնց, ինչ լուծումներ տալ, դա էս տարբերակով չի: Որովհետեւ այսօր այն, ինչ արվել է, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են տուժել: Ես համաձայն եմ, որ վարորդները կարող են ունենալ արդարացի պահանջներ, բայց այդ պահանջները լուծելու համար կան այլ տարբերակներ, որոնք պետք է քննարկեին»,- ասաց Անի Խաչատրյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե տարբերակներից մեկը ինքնաբուխ ցույցն էր, ավագանու անդամն այսպես արձագանքեց. «Վարորդներն իրենց աշխատանքային պայմանագրում ունեն ստորագրած, որ նման բաների դեպքում պետք է 14 օր առաջ տեղեկացնեն քաղաքային իշխանությանը»:
Անի Խաչատրյանին հարց ուղղեց նաեւ բլոգեր Արթուր Չախոյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելես կատարած վերջին այցին, որն արժեցել է 7 միլիոն 600.000 դրամ: Ի պատասխան՝ Անի Խաչատրյանն ասաց. «Ցանկացած միջազգային այց՝ համատեղ փոխհարաբերությունների, գործարքների, շատ դրական եմ գնահատում: Ի դեպ, այս մանուշակագույն ավտոբուսները, որ այս պահին դեռ աշխատում են, Տարոն Մարգարյանի այցելությունների, բարեկամական կապերի արդյունքում Երեւանը նվեր է ստացել: Այդքան է ճանապարհածախսը եղել, այդքան են ծախսել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, վարորդները ցույցի ժամանակ հայտնեցին, որ WhatsApp հավելվածով ուղարկված sms-ներով են ազատվել աշխատանքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ