Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է քաղաքապետը, որ փողոցից իշխանության է գնացել. Թադեւոս Ավետիսյան

Դեկտեմբեր 03,2024 16:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդների բողոքի ցույցին միացել էին նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը եւ Թադեւոս Ավետիսյանը: Նրանք եկել էին վարորդների ահազանգի հետքերով, որ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրինությունը հերիք չէ՝ չի ցանկանում լսել իրենց բողոքը, մի բան էլ հայհոյել է բողոքող վարորդներին ու պինդ-պինդ փակվել գրասենյակում:

«Որ ասում են ժողովրդավարական բաստիոն, մարդիկ չե՞ն կարող իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Այսինքն՝ սա տոտալ մարդկանց իրավունքների խախտում է: Ես նաեւ լսել եմ, որ այստեղ տնօրինություն կոչեցյալ կա, որ հայհոյանքներ է հնչեցրել մարդկանց, ուրեմն եկել եմ, որ մի հատ տեսնեմ՝ էդ տնօրենն ո՞վ է դառել, որ վարորդներին հայհոյել է: Ո՞վ է դառել, քանի գլուխ ունի, որ վարորդներին հայհոյի, ո՞ւր է էդ տնօրենը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը:

Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե շանտաժի չեն տրվելու ու կոմպրոմիսի չեն գնալու, ասաց՝ թող Տիգրան Ավինյանը մտածի, թե վարորդներին ինչ խոստումներ են տվել ու չեն կատարել. «Էս մարդկանց աշխատավարձի բարձրացում են խոստացել, չէ՞, իսկ աշխատավարձի բարձրացում եղե՞լ է, թե՞ չի եղել: Հիմա խաբե՞լ է, թե՞ չեն խաբել: Եթե մարդը բարձր պաշտոն է զբաղեցնում ու իրեն թույլ է տալիս իրեն աշխատակիցներին խաբել, ասել, որ աշխատավարձ պիտի բարձրանա ու չի բարձրացնում, ոնց դա հասկանանք»:

Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ իզուր թակեց «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրինության դռները, բացող չկար. «Ես նոր ճշտեցի, որ աշխատանքային պայմանագրի բոլոր կետերը խախտված են: Բազմաթիվ վարորդներ շատ գրագետ ձեւակերպում են: Նրանք ունեն հստակ ձեւակերպված պահանջներ՝ սկսած կենցաղային պայմանների ապահովումից մինչեւ խոստացված աշխատավարձի բարձրացում: Ինձ շատ զայրացրեց, որ ինչ-որ մի պաշտոնատար անձ, որի ազգանունը Սուքիասյան է, փոխանակ վարորդներին մոտենա, լսի ու խնդիրներին լուծում տա, հայհոյանքով է դիմել: Ես ուզում եմ այդ Սուքիասյանին տեսնել, հասկանալ՝ էդ ով է իր թեւերի տակ ձմերուկ դրել, որ մի հատ էլ հայհոյանքով խոսում են, կամ ասում են՝ աշխատում ես, աշխատիր, չէ, թող գնա, աշխատանքից ազատված ես: Էս հիմնարկն ու ավտոբուսները իրենց հոր տնից չեն բերել»:

Պարոն Թադեւոսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ուր է քաղաքապետը, որ փողոցից իշխանության է գնացել: Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետն ասում է՝ չի տրվելու շանտաժին, կոմպրոմիսի էլ չի գնալու, պատգամավորը հարցրեց. «Ի՞նչ շանտաժ, այսինքն՝ ում ես պատժում, մարդկա՞նց»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031