Տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, ՀՀ շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:
Փոխնախարարի խոսքով ներկայում սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Ըստ նրա` որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները եւ առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: «Օրենսդիրը պետական ծառայության պաշտոնների համար նախատեսել է հավելավճար` հստակ սահմանելով այդ հավելավճարի դեպքերը եւ չափը: Նախատեսվել է նաեւ բացառություն` մի շարք պաշտոնների վրա չտարածելով հավելավճարի` 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը, օրինակ` Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ եւ դատավոր, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ եւ այլն: Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով»,- ասել է նա:
Հիմանական զեկուցողն ընդգծել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում: Ուստի, առաջարկվում է նրանց եւս ներառել վերոնշյալ ցանկում:
Կարդացեք նաև
Կառավարությունն առաջարկում է դիվանագետի` յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ` 80 տոկոս:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով քննարկվող նախագիծը կոչված է էապես բարելավել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձնակազմի այն սոցիալական երաշխիքները, որոնք վերջիններիս թույլ են տալիս իրականացնել արժանիքահեն մասնագիտական աշխատանք: Հանձնաժողովի նախագահի խոսքով բավականին երկար ժամանակ վերոնշյալ անձանց վարձատրությունը փոփոխության չի ենթարկվել: Նա, կարեւորելով նախագծի ընդունումը, ընդգծել է, որ նույնիսկ առաջարկվող փոփոխությունների պարագայում չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ դիվանագիտական ծառայություն իրականացնողը կկարողանա լուծել իր առջեւ ծառացած բոլոր հիմնական խնդիրները:
ԱԺ