Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կեղծ անձնագրեր չէինք ուզում, այլ ընդամենը մի ողջույն, որ մեզ մի շաբաթ շարունակ մեծարած ու փառաբանած ֆրանսիացիների մոտ վատ չզգայինք». Հայ գրողների տպավորություններն ու մտահոգությունները փարիզյան «Մեկ շաբաթ Արևելքում» փառատոնից հետո

Դեկտեմբեր 03,2024 15:46

Ինչպես տեղեկացրել էինք, վերջերս հայաստանցի և սփյուռքի մեր արվեստագետները առաջին անգամ մասնակցեցին Փարիզում անցկացվող Un Week-end à l’Est փառատոնին, որն այս տարի նվիրված էր Երևանին: Գրական գործակալ, ԱՐԻ գրական գործակալության և գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանն էլ ներկայացրել էր միջոցառմանը հրավիրված իր գործակալության հեղինակներին, ինչպես նաև տեղեկություններ, և որոշ մանրամասներ հայտնել փառատոնի մասին:

Հիշեցնենք, որ ի սկզբանե փառատոնի նպատակն է հյուր քաղաքի թեմայի միջոցով ներկայացնել երկրի մշակույթն իր ողջ բազմազանության մեջ` գրականություն, կատարողական արվեստներ, գեղանկարչություն, ճարտարապետություն, ֆիլմ, ինչպես նաև խիստ ժամանակակից ու ավանգարդ մշակութային ուղղություններ, օրինակ` դիջեյներ, պերֆորմատիվ արվեստի ցուցադրություններ: Մեր արվեստագետներն արդեն վերադարձել են: Հանդիպեցինք գրողներ Սուսաննա Հարությունյանին, Ժան-Շա Հովհաննես Թեքգյոզյանին և Հովիկ Աֆյանին: Խնդրեցինք մեզ հայտնել կայացած «Մեկ շաբաթ Արևելքում» փառատոնից ստացած տպավորությունները:

Սուսաննա Հարությունյան. «Un Week-end à l’Est փառատոնի մասին մենք իմացանք ամռանը, երբ կազմակերպիչները եկան Երևան, ուսումնասիրեցին մշակութային դաշտը, հրավիրեցին` ում ընտրել էին, այդ թվում և ինձ։ Փառատոնը ամեն տարի ընտրում է մի մայրաքաղաք և այնտեղ ապրող արվեստագետների միջոցով իրենց երկրին ծանոթացնում տվյալ ժողովրդի մշակույթին։ Այս տարի ընտրվել էր Երևանը։

Մինչև փառատոնին մասնակցելը, երբ որևէ մեկն ասում էր, որ իր երազանքը Փարիզը տեսնելն է, ես ծաղրում էի. «Արժե՞ ունենալ այնպիսի երազանք, որը կարող է կատարել ցանկացած տուրիստական գործակալություն»։ Բայց մասնակցելով փառատոնին, ես հասկացա, որ Փարիզը միայն խնամքով պահպանված հազարամյա շենքերը չեն, Փարիզը մտածողություն է, ճաշակ, վերաբերմունք։

Գլուխ գովելու պես կհնչի, եթե ես նկարագրեմ, թե ինչ լեփլեցուն դահլիճներում, ինչ հանդիսավորությամբ ու սիրով էին ընդունում մեզ։ Կասկածից վեր էր, որ մեր մշակույթը, մեր գրականությունը այնտեղ փնտրված էր, սպասված։ Հաճելին այն էր, որ միջոցառումներին ներկա էին մեծամասամբ ֆրանսիացիներ։ Մեզ նվիրվեցին երկու հանդեսների ամբողջական համարներ, բազմաթիվ հարցազրույցներ թերթերում, կայքերում…

Վստահ կարող եմ ասել, որ այս ծավալով ու սփռումով, այսքան մանրակրկիտ աշխատված դեռ ոչ մի երկրում մեր մշակույթը չէր ներկայացվել։ Ինձ զարմացրեց փաստը, որ և ինձ հետ զրուցող լրագրողները, և՛ վեպիս ֆրանսերեն գրքի շնորհանդեսի մասնակիցները բոլորը վեպը կարդացել էին, վերլուծել, ապրել։ Մարդաշատ դահլիճում չկար մեկը, որը Librairie Polonaise էր եկել հենց այնպես, ինչ-որ բան տեսնելու կամ լսելու, բոլորը եկել էին արդեն վեպը կարդացած, բերել էին գրքի իրենց օրինակների վրա հեղինակի ինքնագիրը ունենալու, հեղինակի հետ շփվելու… Այն, որ «Ագռավները Նոյից առաջ» վեպի փարիզյան հրատարակիչը մի տարի հետո պատվիրեց նաև երկրորդ՝ «Անդրանիկի վերջին ձին» վեպի թարգմանությունը, արդեն խոսուն փաստ է. մեր մշակույթը ֆրանսիացիներին հարազատ է։

Հյուրանոցում, որտեղ այդ օրերին ապրում էինք Հայաստանից մեկնած մասնակիցներս, իրար հանդիպում, ծանոթանում ու ծիծաղում էինք. «Մեր երկրում էնքան ամոթ է տաղանդավոր մարդու մասին խոսելը, որ պիտի Փարիզ հասնենք մեր տաղանդավոր բեմադրիչներին, նկարիչներին, լուսանկարիչներին, գրողներին բացահայտելու համար»։

Պետք է խոստովանել, որ մենք դեռ ամառվանից աջուձախ գլուխ էինք գովում, որ պիտի նոյեմբերին Փարիզ գնանք՝ մեր մշակույթը ներկայացնելու, բայց… եթե բացենք մշակույթի նախարարության կայքը, կտեսնենք, որ մոտ մեկ տասնյակ գրական ու մշակութային մամուլ կա պետությունից աջակցություն ստացող, բայց այդուհանդերձ ոչ ոքի մտքով չանցավ թեկուզ գնալուց առաջ, թեկուզ վերադառնալուց հետո մի տող հրատարակել այս՝ իր մասշտաբով իրոք անասելի մեծ միջոցառման մասին։ Չգիտեմ, իմաստ ունի՞ ֆինանսավորել մամուլը, որը սեփական երկրում պիտի լռության մատնի միջազգային կարևորագույն, մեր պետական քաղաքականությանը նպաստող փառատոնը։ Բուքֆեստին մի քանի փոքր տրամաչափի գրող էր եկել արտերկրից, բոլոր կայքերը շնչակտուր վազում էին նրանց հետևից հարցազրույցների։ Ահա՛ մեր և Փարիզի տարբերությունը՝ այնտեղ ես հպարտանում էի իմ գոյությամբ, այստեղ անընդհատ արդարանում եմ, տեղ-տեղ էլ ներողություն խնդրում իմ գոյության համար։

Փարիզաբնակ շատ հայեր հետո գալիս էին հյուրանոց և ասում, որ թեև իրենք մասնակցում են տեղի հայ համայնքի կյանքին, բայց ոչ մի տեղ ոչ մի խոսք չի եղել, որ նման փառատոն պիտի լինի, և ափսոսում էին, որ բաց են թողել։ Կարճ ասած, չգիտեմ դա ում մեղքն էր, բայց բացի ֆրանսաբնակ մի քանի երևելի հայերից, որոնք փառատոնի կողմից հրավիրված էին և փառատոնի մաս էին, հայկական համայնքը անտեղյակ էր այդ մեծ փառատոնից։

Վիրավորական էր նաև, որ փառատոնի փակմանը ներկա էր նաև Հայաստանի դեսպանը, բայց համերգից հետո չմոտեցավ մեզ, բառ չփոխանակեց, տպավորություն էր, որ նա ոչ թե կարևոր միջոցառման, այլ համերգ էր եկել, համերգը պրծավ՝ գնաց։ Էստեղ հիշեցի Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գիրքը, որտեղ նա պատմում է, թե ինչպես Խան-Մասեհյանը, որն այդ տարիներին Պարսկաստանի դեսպանն էր Գերմանիայում, իրենց Պարսկաստանի քաղաքացիների անձնագրեր էր տվել, որ չհետապնդեին։ Իհարկե, ծիծաղելի է այսօր որևէ մեկիս համեմատել Խան-Մասեհյանի հետ, բայց մենք կեղծ անձնագրեր չէինք ուզում, այլ ընդամենը մի ողջույն, որ մեզ մի շաբաթ շարունակ մեծարած ու փառաբանած ֆրանսիացիների մոտ վատ չզգայինք։

Փառատոնը այնքան հագեցած էր հանդիպումներով ու միջոցառումներով, որ չհասցրեցի հիանալ Փարիզով։ Փոխարենը Փարիզը հիացավ մեր մշակույթով, մենք՝ փառատոնի մասնակիցներս, կարողացանք տեղը տեղին ներկայացնել մեր երկիրը, մեր մայրաքաղաքը, մեր արվեստը, և դա մեր ամենամեծ վայելքն էր։ Ցավում եմ, որ այն նկարահանելու, վավերագրական ֆիլմ ստեղծելու մասին ոչ ոք չէր մտածել։ Լավ էր, ֆրանսիացիները մեզ նվիրեցին հանդեսներից օրինակներ, թե չէ ոչ մի փաստ չէինք ունենա ապացուցելու, որ մենք նման միջոցառման ենք մասնակցել, որ մեզ ծափահարել են Ֆրանսիայում»,- ասաց տիկին Հարությունյանը:

Հովիկ Աֆյան. «Այս տարվա գարնանն էր, երբ նամակ-հրավեր ստացա՝ մասնակցելու Un Week-end a l’Est /«Մեկ շաբաթ՝ Արևելքում»/ ֆրանսիական փառատոնին, որն ամեն տարի տեղի է ունենում Փարիզում՝ նվիրված Արևելյան Եվրոպայի որևէ քաղաքի: Անցյալ տարի, օրինակ, փառատոնի քաղաքը Թբիլիսին էր, մյուս տարի լինելու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը:

Այս տարվա համար ֆրանսիացիներն, ուրեմն, ընտրել էին մեր Երևանը: Տասնյակ մասնակիցներ՝ այդ թվում երաժիշտներ, նկարիչներ, լուսանկարիչներ, պարողներ, գրողներ, ռեժիսորներ… Շուրջ տասն օր Փարիզում ներկայացրեցին Երևանը, կամ որն ավելի ճիշտ է՝ հայկականը: Գրողներիս դեպքում պարտադիր էր, որ մեր գրքերից որևէ մեկը թարգմանված լինի ֆրանսերեն: Իմ «Կարմիր» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, որը հրաշալիորեն արել է Անահիտ Ավետիսյանը, հենց այս տարի լույս տեսավ Կանադայում և հիմա ֆրանկոֆոն աշխարհի գրախանութների դարակներում է: Ինչպես ցույց տվեց փառատոնը՝ ոչ միայն դարակներում: Հանդիպումների ժամանակ ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ բոլոր մասնակիցները կարդացել էին գիրքը, ու վարողի հարցերը ոչ թե այնպիսինն էին, որ կարող են ուղղվել ցանկացած գրողի, ենթադրենք՝ «Ի՞նչն է Ձեզ ստիպում գրել, կամ գրելիս՝ ի՞նչ եք զգում», այլ ուղղված էին կոնկրետ գրողին, կոնկրետ գրքի մասին էին: Այսպիսի բաներ Հայաստանում հազվադեպ ենք տեսնում: Չենք տեսնում:

Փարիզը ծափահարեց մեզ: Բուռն: Հոտնկայս: Ջերմորեն: Օդեոն թատրոնը չորս անգամ հետ՝ բեմ կանչեց Տիգրան Համասյանին ու նրա խմբին՝ փառատոնի պաշտոնական փակման արարողությանը: Ու Համասյանը չորս անգամ վերադարձավ: Ես հուսով եմ, որ այդ ծափերը լսելի էին Երևանում, քանի որ ուղղված էին… Երևանին, որի վերադարձը՝ մեծ ու լուսավոր իրադարձությունների համաշխարհային բեմ սպասում են նույնիսկ այդքան խստապահանջ ու քմահաճ Փարիզում»,- հայտնեց Աֆյանը:

 

 

Ժան-Շա Հովհաննես Թեքգյոզյան. «Լռությունը երկու տեսակ է՝ տեսնող, ասել է թե՝ ընկալող-գնահատող և անաչք՝ անհաղորդ, արհամարհող: Այն ինչ այս տարվա նոյեմբերի վերջին Փարիզում՝ «Մի շաբաթ Արևելքում» փառատոնի շրջանակներում կատարվեց, կարելի է ասել աննախադեպ էր : Համենայն դեպս, Հայաստանի Հանրապետության հետանկախ շրջանում, արվեստը, իր գրեթե բոլոր ճյուղերով ներկայացնելու նման իրողություն ես չեմ հիշում : Ասես լռության մեջ երևաց մի երկիր իր չճչացող, փայլատ, իրական արվեստով: Ամեն ինչ զուսպ էր՝ համադրված:

Կարծում եմ ավելորդ է նշել փառատոնի կազմակերպվածության բարձր որակը, արտիստների հանդեպ ուշադրությունը, Փարիզում նրանց կեցությունը, ընտրված տարածքները : Ինձ համար էս փառատոնը տոն էր՝ տոն-քաղաքում: Երեկոներից մեկի ժամանակ, երբ հրավիրված հայ արտիստներով կանգնած ծխում-խոսում էինք, աճի, վեր ելնելու տարօրինակ զգացողություն ունեցա: Ամեն ինչ, մի տեսակ անպաթոս, իրական-բարձր էր: Ինձ, գուցե մեզ «Մի շաբաթ Արևելքում» փառատոնը շատ էր պետք՝ զգալու տեսնող լռությունը: Ընկերներիցս ոմանք դժգոհում էին. բա նման կարևոր բան լինի ու հայկական ազ-ազիզ-գային հեռուստաընկերությունները չլուսաբանե՞ն : Չէ, ես առավելապես ուրախ էի, որ, այսպես ասենք, մասսայական մշակույթով, հիմնականում՝ կատաղած աղբով լցված անաչք լռությունը անհաղորդ մնաց… «Մի շաբաթ Արևելքում» փառատոնը կարևոր էր հաստատելու մեր տեղը, մեր իրական ներկայությունը…»,-խոսքն ավարտեց Ժան-Շա Թեքգյոզյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031