Կոմիտասի շուկայում գյուղատնտեսական ապրանք վաճառողները 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո պետք է ազատեն տարածքը, քանի որ շուկայի տեղում ժամանակակից շինություն պետք է կառուցվի: Տարածքն ազատելու՝ սեփականատիրոջ կամ քաղաքապետարանի որոշման մասին աշխատողներին տեղեկացրել է շուկայի տնօրինությունը:
Aravot.am-ը զրուցել է շուկայի վաճառականների հետ:
Կարդացեք նաև
«Բոլորիս համար էլ ցավալի է: Բոլորս էլ ուզում ենք աշխատել: Այս տարիքում մեզ ոչ մեկն այլ աշխատանք չի տա: Հույս ունենք, որ չեն փակի: Մայիսին էլ հայտարարել էին, որ փակվելու է: Հիմա էլ Աստծո կամոք սպասում ենք: Ցանկալի է, որ քաղաքապետարանից ներկայացուցիչներ գան մեզ մոտ: Մենք էլ ենք մարդ, չէ՞: Այնպիսի ժամանակներ են, որ բոլորի մոտ էլ վատ վիճակ է՝ ապրել են ուզում: Գան, մի ընդհանուր հայտարարի գանք: Գոնե տարածք հատկացնեն, գնանք աշխատենք:
Թե ինչ է լինելու շուկայի տեղը, մեզ ոչինչ չեն ասել, բայց ըստ պտտվող տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է վերցնելու եւ հիպեր-մարկետ է կառուցելու»:
«32 տարի այստեղ գյուղատնտեսական ապրանք եմ վաճառում: Աղքատության տարի է, ուրիշ բան չկա: Մարդը պետք է աշխատի, որ ուրախանա: Ձեռքերիս նայեք, աշխատող ձեռքեր են: Առանց աշխատանքի չի լինի: Հակառակ դեպքում ինչո՞վ ապրենք: Օդո՞վ: Ինքնաթիռը օդով գնում է, բայց առանց բենզինի չի կարող գնալ: Շուկան որ փակվի, «սոսկա» ենք ծծելու: Հունվարի 1-ից մի ահավոր բան է լինելու: Երկրի կառավարությունից, ղեկավարությունից ոչ մի ակնկալիք չունենք: Մեր խոսքը ոչ մի տեղ էլ չի անցնի»:
«30 տարի Արաբկիրում առեւտուր եմ անում: Եթե շուկան փակվի, մի տեղ կփորձեմ պահակություն անել: Համ էլ նվագող տղա եմ, փողոցում մի տեղ կնվագեմ: Ինչ էլ դուրս գա՝ էլի բան է: Մյուսների մասին բան չունեմ ասելու»:
«Աստծո հույսով մտածում եմ, որ այս անգամ էլ շուկայի փակելը կհետաձգեն, կամ կնորոգեն ու կթողնեն մնա, որովհետեւ ամբողջ տարածքում սա միակ շուկան է ու բոլոր շուկաների մեջ որպես լավ շուկա է եղել: Ավանդույթ էլ կա. մեր հավատարիմ հաճախորդները որտեղներից ասես գալիս են այստեղ առեւտուր անելու: Նրանք էլ են տխրել, երբ իմացել են, որ շուկան փակվելու է: Ասում են, մոլանման ինչ-որ բան են սարքելու: Չգիտենք, մեզ, համենայն դեպս, մինչեւ դեկտեմբերի վերջն են ժամանակ տալիս:
Քաղաքապետարանը մի կողմից պայքարում է փողոցային առեւտրի դեմ, մյուս կողմից փակում է այս շուկան: Եթե մեզ արգելեն այստեղ առևտուր անել, ես հունվարի 1-ից հաստատ իմ ապրանքով գալու եմ ու կանգնեմ շուկայի դիմացը՝ փողոցում: Այդ ժամանակ թող մեկը փորձի մոտենալ: Վա՞տ է, որ ինքնուրույն ենք, ոչ մեկի ձեռքի տակ չենք աշխատում ու կարողանում ենք օրվա հացը վաստակել, թեեւ հեշտ չէ. ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ շոգ: Բայց մեզ համար աշխատում ենք ու ոչ մեկին նեղություն չենք տալիս: Այստեղ մարդիկ կան, որ մի քանի ընտանիք են պահում: Այդպես վարվելը ճիշտ չէ»:
«Մեր շուկան չի փակվելու, մնալու է բաց, որովհետեւ մեր շուկան մերն է: Իսկ եթե իրոք սեփականաշնորհել են, ում էլ դիմենք, ի՞նչը պիտի փոխվի: Մեզ ասում են հունվարի 1-ից չենք աշխատելու, բայց մենք աշխատելու ենք: Մենք քչով բավարարվող մարդիկ ենք: Մեզ շատ պետք չի: Շուկայի ղեկավարությունը շատ լավն է ու մեզ վատ բան չի ասի, իսկ երկրի ղեկավարությունը շուկայի հետ գործ չունի, ոչ մի բանի հետ գործ չունի: Ինքը միայն հեծանիվ է քշում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ