Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց զենքի, առանց որեւէ հակադարձության՝ եկան ու ոսկի ափսեով վերցրին Հալեպը. սիրիահայ հասարակական գործիչ

Դեկտեմբեր 03,2024 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները մի քանի օր է` գրավել են Հալեպը: Թե ինչ վիճակ է տիրում այնտեղ, ինչ տրամադրություններ կան Հալեպի մեր հայրենակիցների շրջանում, այս մասին Aravot.am-ը զրուցել է հալեպահայ հասարակական, բարեսիրական, մշակութային եւ կրթական գործիչ Հռիփ Կանանյանի հետ, որն ի թիվս այլնի` երկար տարիներ եղել է Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության եւ Լիբանանի Օգնության խաչի ատենապետը, իրականացրել բարեսիրական, մանկավարժական, հրատարակչական աշխատանք:

Տիկին Հռիփը փոխանցեց, որ որեւէ հստակ պատասխան չունեն ներկա իրավիճակի ու հետագա զարգացումների վերաբերյալ, անակնկալի են եկել, երբեք չեն մտածել, որ Հալեպում նման հեղաշրջում կլինի. «Չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ երեք օր հաջորդաբար, ՀՕՄ-ի Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչության կազմակերպությամբ ցուցահանդես ունեինք, մեր ցուցահանդեսի հարցերով էինք զբաղված ուրախ մթնոլորտում, երեք օրվա հայտագիր էր դրված: Առաջին օրը բացումն էր ցուցահանդեսի՝ Սրբազան հոր գլխավորությամբ, շատ լավ էր ամեն ինչ: Երկրորդ օրը հայկական գաթայի պատրաստություն պիտի լիներ, որպեսզի ներկաները սովորեին հայկական գաթա պատրաստել: Երրորդ օրը պետք է խոհարար ժամաներ, որ տոնական օրերի ուտելիքներ պետք է պատրաստեր եւ սովորեցներ: Մենք ժամը 4-ին պետք է տեղում լինեինք, բայց տեղեկացանք, որ խոհարարը չի գալու»,-պատմում է տիկին Հռիփը ու հավելում, որ խոհարարի չգալու պատճառը տեղեկություններն էին առաջիկա մռայլ իրադարձությունների վերաբերյալ:

«Որոշ ժամանակ անց փսփսուք եղավ, լուրեր ստացվեցին, որ զինյալները առաջանում են դեպի Հալեպի ներքին շրջանները: Անմիջապես ցուցահանդեսը հավաքեցինք, որպեսզի ամեն մարդ իր տուն գնա: Առանց զենքի, առանց որեւէ հակադարձության՝ եկան ու ոսկի ափսեով գրավեցին քաղաքը, բան չհասկացանք: Միայն գիտենք, որ ամեն մարդ խանութները փակել էր, ժողովուրդը վազում էր՝ ձեռքին տոպրակներ, պայուսակներ… Մենք էլ շվարեցինք: Բերնեբերան տեղեկացանք իրավիճակի մասին: Իսկ առավոտյան արդեն լսեցինք, որ բոլոր կարեւոր հաստատությունները գրավել են, բայց շատ քիչ զենքի ձայն լսեցինք, դա քաղաք գրավելու համար ոչ մի բան էր նշանակում: Կիրակի չկարողացանք եկեղեցի գնալ, հայտարարված էր տներում մնալ, ժողովուրդն էլ հլու-հնազանդ լսեց: Ուրբաթ ժամը 5-ից հետո սկսեցին գրավել քաղաքը, իսկ շաբաթ առավոտյան տեղեկացանք, որ Հալեպը զինյալների տիրապետության տակ է, պետական որեւէ կենտրոն չի գործում»,-իրավիճակի մասին մանրամասներ ներկայացրեց մեր զրուցակիցը:

«Քաղաքային իշխանությունը տեղյակ էր այս ամենից, որովհետեւ նախօրոք փախել էին: Ապստամբները բոլոր կարեւոր հաստատությունները գրավել էին, բանտարկյալներին ազատ էին արձակել»,-ասում է սիրիահայ մեր հայրենակիցը ու հավելում, որ անգամ ծանոթ կանանցից մեկի դուռն են թակել, բացել, տեսել է՝ 8 ամիս առաջ բանտարկված ամուսինն է:

Հռիփ Կանանյանն ասում է, որ ապստամբներն իրենց նեղություն չեն տվել, չնայած տներից դուրս չեն գալիս, շատ բաների մասին հեռուստատեսությամբ են տեղեկանում, գիտեն, որ Հալեպը գրավածներն իրենց դրոշներն են կանգնեցրել բոլոր հաստատությունների վրա, դրանց կողքին էլ նշմարվում են թուրքական դրոշներ. «Օրինակ, Հալեպի բերդի վրա են դրոշը դրել, գրաված համալսարանի մուտքի մոտ, «Հալեպի համալսարան» ցուցանակի փոխարեն այժմ գրված է «Պայքարի համալսարան»…Այդպես իրենց ուժն են ցուցադրում, նկարներն են իջեցրել…»:

Հալեպահայ հասարակական գործիչը մանրամասնում է. «Ուրբաթ իրիկուն այս ամենը սկսվեց, իսկ շաբաթ առավոտյան ամեն բան փակ էր, փողոցներում բացարձակ մարդ չկար, մեքենա չկար: Հետո մենք լսեցինք, որ իրենք որոշ վայրերում հաց են բաժանում, հացի փռերին արտոնել էին, որ հաց թխեն: Մեր ակումբի շատ մոտիկ ընկերուհին տղաներից մեկի հետ եկավ եւ ինձ հաց բերեց, խանութները բացել էին, որ որոշ առեւտուր անենք: Մի քիչ ջրի տագնապ ենք ունեցել, բայց ջուրն էլ են միացրել, էլեկտրականություն են տվել, ուզում են ցույց տալ, որ եկել են օգնելու, չգիտենք՝ հետո ինչ է լինելու…

Տարբեր, իրարամերժ խոսակցություններ ենք լսում, որոնք կարող են 100-ին 100 ճիշտ չլինել, հեռուստացույցին ենք հետեւում, ֆեյսբուքից ենք տեղեկանում: Մեր սրբազանը հայրը՝ Մակար սրբազանը լավ կոչ էր արել, որ հանդարտ մնանք, համբերող լինենք եւ աղոթենք, որ ամեն ինչ լավ լինի: Նոր կոչ ուղղեցին նաեւ Հալեպի եկեղեցիների պետերը, որ իրար զորավիգ լինենք, չհուսահատվենք, նայենք, թե ինչ պիտի լինի հետո»:

Երեկ գիշերը, երբ հարցազրույց էինք վերցնում Հռիփ Կանանյանից, ասաց, որ նախատեսված է արարողություն՝ նվիրված սուրբ Մինասի տոնին, եւ հավանաբար, ովքեր մոտ են ապրում Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցուն, կմասնակցեն այդ արարողությանը, եթե խաղաղ եւ անվտանգ լինի, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, ոչ ոք չգիտի, թե որ պահին ինչ կարող է պատահել

Տիկին Հռիփն ասում է, որ Հալեպի անկումը նման էր Արցախի անկմանը. «Ճիշտ նույն ձեւով ընթացավ, մեկ օր առաջ ռուսն իր ուժը քաշեց ու գնաց, ականազերծողների բանակը հեռացավ, մեր մտքով չէր անցնում, որ նման բան կպատահի: Այս պահին խաղաղ է, զենքի ձայն չկա, հայերը միմյանց հետ կապ ունեն, «Արամ Մանուկեան» կենտրոնը տեղեկացնում է, որ կարող են մոտենալ իրենց հացի կամ այլ կարիքի դեպքում: Բայց չգիտենք, թե հետոն ինչպես է լինելու…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Հռիփ Կանանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031