«Այսօր մեծ թվով վարորդների աշխատանքի դուրս չգալու համատեքստը հետեւյալն է. դեռ մարտ ամսին, երբ զեկուցում էի միասնական տոմսային համակարգին անցումը, սակագների վերանայումը, առաջին անգամ առիթ ունեցա խոսելու այն բանի մասին, ինչի մասին բոլորս տեղյակ ենք՝ որպես հանրություն: Հանրային տրանսպորտի ոլորտում առկա է որոշակի ստվերային շրջանառություն, հայտարարել ենք, որ դրա դեմ պայքարը լինելու է անզիջում: Ընթացիկ մեր աշխատանքի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության աշխատանքի արդյունքում, պարբերաբար նաեւ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ զեկուցվել է, թե ինչքան է ավելացել հավաքագրվող հասույթը հանրային տրանսպորտից:
Իսկ նոյեմբերի 1-ից, երբ սահմանվեց, որ այլեւս վարորդներին չի կարող գումար տրվել եւ պետք է վճարել բացառապես 100 դրամանոց մետաղադրամներով ու QR կոդի միջոցով, դուք տեսաք, թե ինչ կտրուկ աճ գրանցվեց»,- Երեւանի քաղաքապետարանում կայացած ասուլիսում նշեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով առավոտյան «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների հայտարարած գործադուլի հետեւանքով ստեղծված իրավիճակին:
«Գումարի աճը պայմանավորված չի նրանով, որ ավելի շատ մարդիկ են սկսել օգտվել, ուղղակի այն գումարը, առաջ գնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ուզում ասել բոլորի, որպեսզի բարեխիղճ վարորդներն ինձանից չնեղանան: Ուզում եմ նշել, որ այսօրվա աշխատանքի չիրականացմանը այնպես չի, որ բոլոր վարորդներն են մասնակցում: Այն վարորդներին, որոնք գիտակցում են իրենց պարտքը այս հանրության առջեւ, ես մեծ շնորհակալություն եմ հայտնում:
Ցավոք սրտի, ունենք վարորդներ, որոնք ստվերային շրջանառության անմիջական մաս են կազմել: Ես այսօր մի քանի տեսանյութ դիտեցի, որտեղ վարորդները խոստովանում են, թե որն է պատճառը, որ բարձրացնում են որոշակի խնդիրներ: Որոշ խնդիրներ օբյեկտիվ են, եւ դրանց լուծմամբ մենք զբաղվելու ենք, բայց նաեւ ասում են՝ առաջ չէինք բարձրաձայնում այս խնդիրները, որովհետեւ այլ եկամուտ ունեինք, իսկ հիմա չունենք: Նրանց գործողությունների հետեւանքը անմիջապես անդրադառնում է մեր քաղաքացիների տեղաշարժման հնարավորության վրա, եւ այսօր վաղ առավոտից այն բոլոր նկարները կանգառներում սպասող մարդկանց, որոնք հրապարակել եք, մենք տեսնում ենք, ինչի համար շատ ներողություն ենք խնդրում մեր հանրության ներկայացուցիչներից»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ ի պատասխան վարորդների գործադուլի. «Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյոք գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ