ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ նստաշրջանում անդրադարձավ Երեւանում հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ դուրս չեն եկել երթուղիներ։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ վարորդները առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Վարորդներն առաջ են քաշում իրենց պահանջները։ Երեւանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ գործադուլի հետեւանքով 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։
«Քանի որ ընդդիմության ներկայացուցիչն այսօր ասաց՝ այն, ինչ խոստացել ենք՝ ասեք, անենք, շեղվում ենք դրանից, ես եկել եմ հակադարձեմ։ Նախ` մեր քաղաքացիները մեզանից պահանջել են միասնական տոմսային համակարգ եւ ստվերի դեմ պայքար։ Եվ մենք մեր աշխատանքն անշեղորեն իրականացնում ենք հենց այս ուղղությամբ։ Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին մի քանի օրվա ընթացքում շրջանառությունը եւ այն գումարը, որը հավաքագրել է Երեւանը, 188 մլն-ից դարձել է 213 մլն դրամ։ Բոլոր վարորդների հաստիքները համալրված չեն, ուստի, ես կոչ եմ անում համագործակցել ավելի բարեկարգ, ավելի կանաչ, ավելի ժամանակակից Երեւան ունենալու մեր ծրագրի մաս դառնալուն եւ դադարեցնել ցույցերը, որոնք հետեւում ակնհայտորեն ընդդիմադիր ուժերն են»,- ասաց Սոնա Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը եւս անդրադարձավ հարցին՝ նշելով․ «Մեր հարգարժան վարորդներ, նայեք ձեր կողքը, ձեզ ովքեր են հրահրում, այդ մարդիկ բոլորովին վերջերս վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ այն վիդեոները, այն ձեր հավաքը, որը հիմա կա, շատ պարզ մանիպուլացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ վաղը նրանք ձեր մասին չեն էլ հիշելու, թքած են ունենալու ձեր հիմնական խնդիրների վրա։ Այդ մարդիկ պարզապես նկարվում են այսօր ձեզ հետ, որ գնան հերթական «ատչյոտի» (հաշվետվության -խմբ.)՝ ցույց տալու, որ իրենք ինչ-որ բան կարողանում են այս երկրում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ