Այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդների բողոքի ցույցին ներկա անհայտ անձինք տարբեր անհատ վարորդների մոտեցել ու հրավիրել են առանձնազրույցի:
«Բայց ինչի համար գնանք, էդպես էլ չհասկացա: Ինչի հենց ինձ եք տանում, տանում եք, բոլորով հավաքվենք, գնանք»,- պատմեց վարորդը:
Նշված վարորդը դժգոհեց, որ հույսով սպասել են, որ լավ լինի, իրեն ձեռնտու չեն աշխատանքային այս պայմանները. «Մենակ մեզ ասում են, արի վճարի, չես վճարում, չվճարվես, հեռացված ես: Շատ վաղուց այդ խնդիրները ներկայացրել ենք, ասել են՝ լավ է լինելու: Հավատով սպասել ենք: Սրանից հետո աշխատելու եք պայմանագրով, գրեն մեր աշխատավարձը պայմանագրում, որ կոնկրետ իմանանք՝ ինչքան ենք աշխատելու»:
Կարդացեք նաև
Քաղաքացիների հեգնանքին, թե ինչից են դժգոհ, 15 օրում 300-400.000 փող են ստանում, վարորդներից մեկն այսպես արձագանքեց. «Ազգովի խնդիր ունենք, որ միշտ գցում ենք աչքներս ուրիշի ունեցվածքի վրա: Ահավոր շատ քիչ աշխատավարձ է, MAN մեծ ավտոբուս է, մի հատ փոքր ապակի է ջարդվում, 500-600.000-ից սկսում է, ու դա վարորդի վրա է»:
Մեկ այլ վարորդ էլ շարունակեց. «Էդ որ ասում է, թե ինչից է վարորդը դժգոհ, դուք գիտեք՝ լիքը մարդիկ կան, որոնք իջնելուց մեզ ցավակցում են, բայց մեր ժողովրդի կեսը գիժ են: Եթե ասում է՝ ինչից է դժգոհ, թող իր ամուսնուն ուղարկի, գան, մի ժամ աշխատեն, զգան էդ ինչ է: Ամեն երթուղուն մի գիժ ռաստ է գալիս, ամեն անգամ կռիվ է լինում, ժողովուրդն իրար հետ են կռիվ անում, իրար միս են ուտում»:
Ցուցարարների ցույցին միացած բլոգեր Արթուր Չախոյանն էլ նկատեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուները իշխանություններն են. «Թող պարգեւավճարներ չստանան, 7 միլիոն 600.000 դրամով Ավինյանը Լոս Անջելես չմեկնի, ավտոբուսների համար նոր անվադողեր գնեն: Թեթեւ ձյուն է գալիս, տրանսպորտը կամ կանգնած է, կամ վթարի է ենթարկվում, ո՞վ է մեղավոր՝ վարորդը»:
Բլոգերը նկատեց, որ հանրությանն էլ մանիպուլացնում են, թե ավտոբուսների վարորդները բարձր աշխատավարձ են ստանում. «Եթե բարձր աշխատավարձ է, եկեք ինքներդ աշխատեք, էդքան վարորդի պահանջարկ կա, բա ինչի չի համալրվում, եթե բարձր աշխատավարձ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ