«Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կաներ ինքը, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն sms գրեր՝ խնդրելով մանդատից հրաժարվել։
Ալեն Սիմոնյանը պնդում է՝ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնացել է կամ գիշերը որոշել է նման որոշումներ կայացնել։ Ասում է՝ եղել են տարբեր իրավիճակներ, որոնցից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետեւություններ անել եւ որոշումներ կայացնել, քանի որ ամբողջի պատասխանատվությունն իր վրա է․ «Տարբեր խնդիրներ էին դրվում գերատեսչությունների առաջ եւ այդ խնդիրները չէին լուծվում, այդ մասին նաեւ վարչապետն ասաց՝ կառավարության նիստում»։
Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանը հանուն Նիկոլ Փաշինյանի անգամ Կիլիկյան Հայաստանն ուրացավ, չհամաձայնեց։
Հիշեցնենք, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի խնդրանքը եւ մանդատը վայր չդրեց։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում, որ ՀՀ վարչապետը, Հ1-ով դիմել է Հովիկ Աղազարյանին՝ խնդրանքով ու նման պարագայում ճիշտ չէ այդ խնդրանքը մերժել։ Ալեն Սիմոնյանն այդ մասին նաեւ Հովիկ Աղազարյանին էլ է ասել՝ իրենց անկեղծ զրույցի ժամանակ, որի ընթացքում չի սպառնացել նրան․ «Ես եթե մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ։ Խոսքը նրա մասին է, որ անկեղծ զրույց տեղի ունեցավ ու եթե դու անկեղծ խոսում ես, իրավիճակը շատ ավելի ուրիշ է։ Որ ճնշած լինեինք՝ հրաժարական կտար»։
Նա մանրամասնեց՝ երկար զրուցել են ու որեւիցե պատճառ, հետեւանք չեն քննարկել, միայն ասել է, որ Հովիկ Աղազարյանի կողմից վարչապետի խնդրանքի մերժումը ճիշտ չէ։ Այսօր երեկոյան կայանալիք ՔՊ վարչության նիստի ժամանակ էլ Ալեն Սիմոնյանը կասի իր տեսակետը՝ կրկնելով այն, ինչ ասել է Հովիկ Աղազարյանի հետ երկու ժամ տեւած զրույցում՝ թեյ խմելիս։
Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին հարցին ի պատասխան էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանն իրեն դրել է թիմից դուրս եւ, իր կարծիքով, այդ թիմի հետ նա ճանապարհ չունի շարունակելու․ «Քաղաքական գործիչը, որը որ հարված պահել չգիտի՝ հայտնվում է լուսանցքում։ Կա ընդհանուր սխեմա, սիստեմ, մի անհատականացրեք»։
Ալեն Սիմոնյանն ասաց նաեւ՝ ցավում է, որ կան ԱԺ պատգամավորներ, որոնք չեն հասկացել, որ մանդատն իրենց որեւիցէ բանից չի փրկելու՝ անկախ նրանից, թե ո՞ր խմբակցությունից է։ Միաժամանակ, նա պնդեց, որ Հովիկ Աղազարյանին վերաբերվող գործի նյութերին ծանոթ չէ, իրեն չի էլ հետաքրքրում եւ իր ասածն էլ ընդհանրական է։
Ինչ վերաբերվում է Հովիկ Աղազարյանի մոսկվացի ընկերոջն էլ՝ հեգնեց․ «Ինձ թվում է՝ Կառլսոնի նման մի բան է, գոյություն չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ