Այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ընկերության ավտոբուսների վարորդները խոստացված, բայց չբարձրացված աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով գործադուլ են հայտարարել:
Նրանք վստահեցնում են, որ մեկ ամիս առաջ իրենց խոստացել էին աշխատավարձերի բարձրացում, բայց աշխատավարձերը չեն բարձրացել, իսկ իրենք շարունակում են աշխատել անմարդկային պայմաններում:
Կարդացեք նաև
Ըստ վարորդների՝ ավտոբուսներին չեն տրամադրում ձմեռային անվադողեր, նրանց խոսքով ժողովրդի տեղափոխումն իրականացնում են «քաչալ» անվադողերով, չեն տրամադրում մարտկոցներ, երթուղու վերջնակետերում չկան նույնիսկ վարորդների համար զուգարաններ:
«Մենք չենք կարողանում տեղավորվել ու 309.000 դրամով ավտոբուս քշել: Օրական 10.000 դրամ է ստացվում, էդքան մարդը կարող է իր մեքենայով տաքսի քշելով վաստակի՝ երկու-երեք հոգու տեղափոխելով: Իսկ այսպես 70 հոգու է տեղափոխում, մեծ պատասխանատվության տակ ընկնում»,- ասաց վարորդներից մեկը:
«Խնդիրը հետեւյալն է, խոստացել են աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում եւ չեն իրականացրել: Իրենց պատկերացրած բարեփոխումը միայն տրանսպորտի գնի թանկացումն է, որի դեմ շատ ավելի մեծ բունտ է սպասվում, քան իրենք պատկերացնում են: Մենք հասկանում ենք վարորդներին, նրանց խոստացել ու խաբել են, նույնիսկ զուգարանի խնդիր կա, վարորդները չեն իմանում՝ որտեղ իրենց բնական կարիքները հոգան: Ամոթ է, 21-րդ դարում դրա մասին ասելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Պարոն Թեւանյանի դիտարկմամբ՝ քաղաքային իշխանությունները մտածել են բոլոր խնդիրները լուծել տրանսպորտի թանկացմամբ, բայց քաղաքացիները ավելի մեծ բունտի են պատրաստ, որովհետեւ արժանապատիվ տրանսպորտ ապահովված չէ: Թեւանյանի այս պնդումները հաստատեցին նաեւ վարորդները՝ մեջբերելով ուղեւորների դժգոհությունները:
Հետո պարոն Թեւանյանը դիմելով վարորդներին՝ ասաց, որ իրենք պետք է ավելի վաղ դադարեին աշխատել, երբ իրենց սահմանվածից ավելի էին աշխատեցնում՝ չբարելավելով աշխատանքային պայմանները. «Այս կոլապսը քաղաքային իշխանությունների վատ աշխատանքի հետեւանք է, կառավարման համակարգում ձախողել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ