«Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Այն ուղերձը, որն ուզում ենք հղել աշխարհին, հետեւյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ։ Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է եւ շարունակել է մնալ հետեւյալը, որ ազգ-նահատակ բանաձեւը հաղթահարելու լավագույն ձեւը ազգ-բանակն է։ «Բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձեւի ճիշտ արձագանքն է, որովհետեւ իմ մտորումները եւ մտածումները բերում են այն եզրակացությանը, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձեւի տրամաբանության ու շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։
Մենք շատ ենք խոսում այն մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է։ Բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Ուժեղ ումի՞ց, ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերեմ, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք։ Իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Լավ, մենք կարող ենք խնդիր դնենք, որ պետք է երկու այսպես կոչված թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենք։ Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրների հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս կամ հինգ երկրի հետ է մեր խնդիրը։ Իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ թե մեր թշնամիների հետ է, այլ նաեւ մեր բարեկամների հետ է, մենք ումից ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է լուծում առաջարկել՝ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձեւերը հաղթահարելու համար պետք է որդեգրել բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը,որը գործում է բացառապես սեփական շահերին համապատասխան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ