ԱԺ հերթական նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2025 թվականի բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։
Նա ասաց, որ տնտեսական աճը կանխատեսվում է 5,1 տոկոս։ Նախարարը նաեւ ասաց, որ հարկային բեռը չեն բարձրացնում, վարչարարությունն են բարելավում եւ որոշ արտոնություններ են վերացնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ֆինանսների նախարարին․ «Երբ բյուջեի նախագիծը ներկայացնում էիք նոյեմբերի սկզբին, ասացիք, որ մեր տնտեսական պոտենցիալը 5,5 տոկոսի կարգի է։ Հիմա դուք 5,5 տոկոսից աճի կանխատեսումը գցել եք 5,1 տոկոս։ Այսինքն՝ պոտենցիալից ավելի դանդաղ եք աճելու, խնդրում եմ՝ պատճառը ներկայացրեք։ Ասացիք՝ մենք հարկերը չենք բարձրացնում, այլ բարելավում ենք։ Ուզում եմ թվերով ասեք՝ այդ բարելավումը քանի՞ տնտեսվարողի վրա կբերի հարկային բեռի նվազեցում, քանի՞ տնտեսվարողի վրա կբերի հարկային բեռի բարձրացում»։
Նախարարն ի պատասխան ասաց, որ կառավարության գնահատմամբ՝ այն կանխատեսումը, որն արվել է հաջորդ տարվա համար, գտնվում է մեր ներուժի շրջանակներում։ «Հաշվի առնելով վերջին տարիների բավական մեծ բազայի աճը՝ այդ 5,1 տոկոս աճը եւս համարում եմ հավակնոտ ցուցանիշ։ Մենք նաեւ դիտարկում ենք վերջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի զարգացումները և, ըստ այդմ, արել ենք կանխատեսումները»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարկերի բարձրացմանը՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ վերջին տարիներին եկամտահարկն ու շահութահարկը նվազել են։ Այս փոփոխությունները, որոնք քննարկվում են ԱԺ-ում, վերաբերում են 10-13 հազար տնտեսվարողներին, վերջնական բանաձեւը դեռ չի որոշվել։
«Կոնկրետ պատասխանեք՝ 13 հազարից քանի՞ սուբյեկտի հարկային բեռն է պակասելու, քանիսի հարկային բեռն է ավելանալու»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։
«Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է, այսինքն՝ այն արտոնություններից, որոնք օգտվում էին այդ սուբյեկտները, այլեւս չեն օգտվելու»,- պատասխանեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ