Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Արա՛ Ռեմ, խփել ես, մեռավ, փախանք. ինչպես է դատախազությունը փրկում հարբած ծեծկռտուք հրահրող, մարդու վրա կրակող իր դատախազին. «168 ժամ»

Դեկտեմբեր 03,2024 10:46

Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ կրակոցներ էին հնչել:

Կրակոցների միջադեպի մասնակիցներից է Արարատի մարզի դատախազի տեղակալ, առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին, որն այդ պաշտոնին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Քրեական ենթամշակույթի նկատմամբ առանձնահատուկ թրթիռ ունեցող Ռեմ Ռշտունին, ինչպես 168.am-ը պարզեց, առանցքային դերակատարություն ունի այս միջադեպի գործում, որը հրաշքով չի ավարտվել մարդկային զոհերով, սակայն գործի ընթացքը ցույց է տալիս, որ վերջինիս ամեն գնով ցանկանում են չոր դուրս բերել այս պատմությունից:

168.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ինչի՞ց է սկսվել 2 մեքենաների միջև հարաբերությունների պարզումը, և, ամենակարևորը, ինչ է տեղի ունենում հիմա:

Միջադեպի մասնակից Toyota Camry-ի սեփականատեր, Երևանի 50-ամյա բնակիչ Վահագն Մադաթյանի խոսքով, որ հրաշքով է կենդանի մնացել Քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպից շուրջ 40 րոպե անց իր իսկ տան բակում ստացած հրազենային վնասվածքներից, վիճաբանությունը սկսվել է չնչին առիթից:

«Խաչմերուկում գիշերը 12:00-ի սահմաններում երկու մեքենաներով կանգնած էինք, երկուսիս պատուհաններն էլ բաց: «Մերսեդես»-ում գտնվողներին հարցրեցի՝ հնարավո՞ր է ատամի չոփ կամ որևէ սուր բան ունենան, iqos-ի ֆիլտրն էի ցանկանում հանել: Պատասխանեցին՝ արա՛, ի՞նչ իմացար, որ մեզ մոտ պետք է ատամի չոփ լիներ: Ասացի՝ եթե վիրավորել եմ, կներեք»,- պատմեց Վահագն Մադաթյանը:

Պատմությունը, սակայն, դրանով չի ավարտվել. «Մերսեդես» մակնիշի մեքենայի ուղևորները հաջորդիվ ցանկանում են ճշտել իրենցից ատամի չոփ ուզող Վահագն Մադաթյանի բնակության վայրը, հետո հրահանգում են կանգնեցնել մեքենան, ամեն կերպ թեժացնում են վիճաբանությունը:

«Եղբորս որդու՝ Ռուբեն Մադաթյանի ծննդյան տարեդարձը տոնելուց էինք վերադառնում: Չցանկացա, որ օրը հարամվի, մեքենայից իջա, իրենց մեքենայի դուռը բացեցի, որ խոսենք, հասկանանք միմյանց: Ինձ առաջարկեցին նստել իրենց մեքենան, այնտեղ խոսել: Նստեցի մեքենան, քշեցին՝ առանց դուռը փակելու: 2-3 խաչմերուկ առանց մեքենան կանգնեցնելու քշում էին, և միայն Քաղաքապետարան չհասած՝ Ֆրանսիական դեսպանատան մոտ կարմիր լույսի տակ կանգնեցին: Իմ մեքենայի ղեկին փեսաս էր՝ եղբորս դստեր ամուսինը, ում խնդրել էի վարել մեքենան, քանի որ բացարձակ սթափ էր, ալկոհոլ չէր օգտագործել: Եկավ, կանգնեց մեքենայի կողքը ու հասկանալով, որ մեքենայի մեջ կոպիտ խոսակցություն է, ինձ ցանկանում են առևանգել, մեքենայի դիմացը կտրեց, որ ինձ չտանեն: Միայն հարբած չէին, այն վիճակում էին բոլորը, որ հետները խոսել չէր լինում: Վատ բան չէի ասել, բայց 3 անգամ ներողություն խնդրեցի, որ թողնեն-գնան, չեղավ»,- շարունակեց իրավիճակը ներկայացնել Վահագն Մադաթյանը:

Երկու մեքենաներում էլ 3-ական անձ է եղել, ընդ որում, «Մերսեդեսի» բոլոր 3 ուղևորները հարբած են եղել, ինչը հետագայում փաստաթղթավորվել է:

«Արդեն Քաղաքապետարանի մոտ մեքենայից իջանք, երբ հետևի նստատեղում նստածն ինձ խփեց: Կարմիր բլուզով տղան էր: Պտտվեցի, որ տեսնեմ՝ ով է, էլի խփեց, արդեն՝ դեմքիս, ու կռիվը այդտեղից սկսվեց»,- ասաց Վահագն Մադաթյանը:

Մամուլում այդ կռվի տեսանյութը հրապարակվել է, և ինչպես արդեն հետագայում է պարզվել, ծեծկռտուքի ակտիվ մասնակիցը, ումից էլ սկսվել է այն, հենց Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին է:

«Կարմիր բլուզով տղան ինձ ասում էր՝ դու պիտի ինձ չհանդիպեիր, գոռում էր՝ «բագաժնիկը» բացե՛ք, զենքը հանե՛ք: Ու այդ պահին հեռվից կրակոցի ձայն եմ լսում, ու բոլորը փախչում են: Կրակոցն արձակողը մոտենում է, տեսնում եմ՝ եղբորս տղան է՝ Ռուբենը, հարցնում է՝ հոպար, լա՞վ ես, ասում եմ՝ հա: Բոլորը գնում են, հետո տեսախցիկների ձայնագրությամբ եմ նաև տեսնում, որ եղբորս տղան պարեկների հետ կանգնած է: Փողոցն անցա, եղբորս տղան մեքենայով եկավ, դեմքս արյուն էր, մեքենայի մեջ եղած ջրով լվացի երեսս, ու գնացինք տուն: Մեր տան բակում եղբորս տղան ինձ իջեցնում է մեքենայից, որ գնա: Մոտենում եմ իմ տան դարպասներին, ինձ դիմավորում է ծեծկռտուքի մասնակից «Մերսեդեսի» վարորդը: Ու այդ պահին հետևիցս ճտճտոց եմ լսում, փորձում եմ փախչել, բայց հետևիցս կրակում էին, չէի կարող: Ու էլ տեղ չկար փախչելու: Կրակողը մոտենում է, ևս 3 անգամ կրակում իմ ուղղությամբ: 2 գնդակը կպչում է, 1-ը՝ ոչ: Արդեն ընկած տեղից լսում եմ ինձ իմ տան դարպասների մոտ դիմավորած «Մերսեդեսի» վարորդի ձայնը՝ արա՛ Ռեմ, խփել ես, մեռավ սա, փախանք»,- ասաց Վահագն Մադաթյանը՝ հավելելով, որ անունն այդ ժամանակ է լսել ու նույնիսկ այդ ժամանակ չի իմացել, որ Ռեմ անունով տղան դատախազ է:

Մեկ անգամ ևս արձանագրենք. Քաղաքապետարանի մոտի կրակոցներից շուրջ 40 րոպե անց միջադեպի մասնակիցներից մեկը հրազենային վնասվածք է ստանում նույն ծեծկռտուքի մյուս մասնակցի արձակած կրակոցներից, ու այդ գործով մեղադրյալ չկա: Մինչդեռ Վահագն Մադաթյանի եղբորորդին՝ Ռուբեն Մադաթյանը, կալանավորված է սպանության փորձի մեղադրանքով, քաղաքապետարանի մոտ կրակոցներ արձակելու համար:

Հրապարակված տեսանյութում սակայն հստակ երևում է, որ Ռուբեն Մադաթյանը կրակոցներ է արձակել զենքը գլխավերևում պահած, այսինքն՝ օդ է կրակել, որ ծեծկռտուքի մասնակիցները ցրվեն: Բացի դրանից, կան զենքի և արձակված պարկուճի փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ կրակոցներն արձակվել են խուլ փողով ձայնաազդանշանային զենքից, իսկ պարկուճը ռազմամթերք չի հանդիսանում: Հետևաբար՝ այն կյանքի համար որևէ կերպ չէր կարող վտանգավոր լինել:

Ի դեպ, հատկանշական է, որ լինելով իրավապահ մարմնի ներկայացուցիչ, դատախազ Ռեմ Ռշտունին քաղաքապետարանի միջադեպից հետո հանցագործության մասին հաղորդում չի տվել, բժշկական կենտրոն ներկայացել է միջադեպից շուրջ 12 ժամ անց, երբ թվում էր՝ պետք է որ ամեն վայրկյանն էական լիներ, հատկապես, երբ կարդում ես դատախազության պատկերացումները նրա ստացած վնասվածքների մասին:

«2024 թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:22-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ, լսվել են կրակոցի նմանվող ձայներ, որից հետո նկատել են մի քանի ավտոմեքենաներ, որից մեկի վարորդը վազելով դիմել է փախուստի: Քաղաքացիներից մեկի գլխին եղել են արյան հետքեր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ դատախազ Ռեմ Ռշտունին ստացել է բաց գանգուղեղային վնասվածք, ձախից քունքոսկրի բազմաբեկոր ներհրված կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ և սուբարախնոիդալ արյունազեղումների ձևով: Ռեմ Ռշտունին ճանաչվել է տուժող, իսկ 5 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով»,- սա Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանն էր՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք դատախազությունում կա կարգապահական կամ որևէ այլ վարույթ իրենց դատախազի կողմից հարբած ծեծկռտուք հրահրելու, ապա անձին հետապնդելու, նրա վրա կրակելու վերաբերյալ:

Այն, որ Ռեմ Ռշտունին դատախազությունում ազդեցիկ հովանավորներ ունի, Վահագն Մադաթյանը ոչ միայն չի կասկածում, այլև վստահ է:

«Ռեմ Ռշտունու մորաքրոջ տղան՝ Գագիկ Մարգարյանը, Գլխավոր դատախազությունում վարչության պետի տեղակալ է (Արագածոտնի մարզի նախկին դատախազ: Այս տարվա ամռանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին,- Գ.Ս.): Այս գործի ողջ վերահսկողությունն ու կուրացիան ինքն է անում: Հավաքում է վկաներին: Ես մեր տուն իրենց տան մոտով եմ անցնում: Անձամբ եմ տեսել՝ ինչպես էր Գագիկ Մարգարյանը Մերսեդեսի վարորդի կողքի նստածին ու Ռեմ Ռշտունուն ցուցումներ տալիս»,- ասաց Վահագն Մադաթյանը՝ հիշելով նաև, որ դեռ եղբորորդուն կալանավորելուց 5 օր առաջ իրեն ասել են՝ Ռուբենին տանելու են Չոբանքարա («Արմավիր» ՔԿՀ.- Գ.Ս.), երբ տղան դեռ տնային կալանքի վայրում էր, այսինքն՝ գիտեին՝ դատարանը բեկանելու է, երեխան էլ հայտնվելու է կալանավայրում:

Վահագն Մադաթյանը կասկածներ ունի նաև, որ հենց պայմանավորված Գագիկ Մարգարյանի զբաղեցրած պաշտոնի բնույթով ու համակարգված ոլորտով է Ռեմ Ռշտունին ստացել համապատասխան բժշկական եզրակացությունը:

Վահագն Մադաթյանի շահերի ներկայացուցիչը՝ Դավիթ Դիլբարյանը, նույնպես մտավախություն ունի, որ ուղղորդված քննություն է ընթանում:

«Այն հանգամանքը, որ չոփ ուզելը կարող է վիրավորական դիտվել ու այն աստիճանի զարգացում ունենալ, որ վերածվի ծեծկռտուքի, խոսում է այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն ադեկվատ չեն եղել, չեն կարողացել իրենց կառավարել: Մարդը սթափ վիճակում չի կարող նման չնչին բանին այդ կերպ արձագանքել»,- ասաց Դավիթ Դիլբարյանը:

Նա նշեց՝ Վահագն Մադաթյանի նկատմամբ կատարվածը կանխամտածված սպանության փորձ է:

«Երբ դու 5 անգամ նպատակադրված կրակում ես մարդու վրա, պետք է ենթադրես, որ մի փամփուշտը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Այսինքն՝ գործ ունենք ուղիղ դիտավորությամբ սպանության փորձի հետ: Ու այս գործով սպանության փորձի հանցակազմով քրեական վարույթ չի հարուցվում, բայց քաղաքապետարանի կրակոցների գործով հենց այդ հոդվածով է հարուցվում: Ճիշտ է, օրենքն ասում է, որ քննիչն ինքն է որոշում իր գործողությունների հերթականությունը, բայց դրանք մեզ համար առնվազն կասկածելի ու տրամաբանական չեն: Մարդուն մի հատ դանակով քերծում են, ասում են՝ սպանության փորձ է, բայց մարդու վրա 5 անգամ կրակել են, ասում են՝ միջին ծանրությունով ենք հարուցում քրեական վարույթը: Սա խոսում է այն մասին, որ կա կանխակալ վերաբերմունք՝ ինչպես հսկող դատախազի, այնպես էլ Դատախազության՝ որպես կառույցի կողմից»,- ասաց Դավիթ Դիլբարյան:

Պաշտպանը նշեց՝ իրենք ասել են, որ Ռեմ Ռշտունուն հարվածներ հասցրել է Վահագն Մադաթյանը, ինքնապաշտպանական նկատառումներով, բայց դրան ընթացք չի տրվում, իսկ կալանավորվում է Ռուբեն Մադաթյանը:

Հատկանշական է, որ Վահագն Մադաթյանին հրազենային վիրավորում հասցնելու գործը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ դեպքից 6 օր անց՝ սեպտեմբերի 21-ին, վերջինս դիմել է բժշկական կենտրոն: Մինչ այդ տարածքում, իհարկե, եղել են ոստիկաններ, բայց ոչ ոք ոչինչ չի լսել, պաշտպանության կողմն ինքն է պնդել, որ պարկուճը գտած մարդուն գոնե հարցաքննեն, մի ամիս հետո հազիվ հարցաքննել են:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031