ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Նարեկ Զեյնալյանին կփոխարինի Ալեքսանդր Ավետիսյանը։
ԱԺ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը։ Մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին։ Ալեքսանդր Ավետիսյանը երդվելով՝ ստանձնեց պաշտոնը։
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա մանդատից հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հորդորով։
Կարդացեք նաև
Ալեքսանդր Ավետիսյանը մինչև 1996 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա 2006 թվականին ավարտել է ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, իսկ 2009 թվականին՝ Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։
1993-1996 թվականներին եղել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների թղթակից։ 1998-1999 թվականներին աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իսկ 1999-2017 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Ալեքսանդր Ավետիսյանը եղել է «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ։
2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք)։
Ալեքսանդր Ավետիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ