«Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը մինչեւ 2028-ը կասեցնելու որոշումը հակասում է վրաց ժողովրդին՝ Սահմանադրությամբ ամրագրված խոստմանը՝ ձգտել լիարժեք ինտեգրվել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին», ԱՄՆ Պետդեպի արձանագրումը:
Հարեւան Վրաստանում անցյալ շաբաթվանից իրավիճակը կտրուկ լարվեց: Երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո բուռն իրադարձություններ զարգացան այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը հաստատեց Վրաստանում ընտրությունների արդյունքները չճանաչող բանաձեւ։ Արդեն մի քանի օր է, վրաց հասարակությունն ընդվզում է ընդդեմ իշխանության մտադրության` Եվրամիության հետ բանակցությունները մինչեւ 2028թ. դադարեցնելու վերաբերյալ։
Եվրախորհրդարանը նոյեմբերի 28-ին կոչ էր արել` հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել։ Այս կոչով բանաձեւն ընդունվել էր Եվրոպական խորհրդարանի կայացած լիագումար նիստի ընթացքում։ Ներկայացված նախագծին կողմ էին քվեարկել Եվրախորհրդարանի 444, դեմ՝ 72 պատգամավորներ։ Եվրախորհրդարանը նաեւ կոչ էր արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկողության ներքո»։
Եվրախորհրդարանի կոչից հետո նույն օրը Իրակլի Կոբախիձեն` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հայտարարեց, թե Թբիլիսին մինչեւ 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի: «Որոշել ենք մինչեւ 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում»,- ասաց Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ»։ «Նաեւ, մինչեւ 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները եւ վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով»,- հավելել էր նա:
Կարդացեք նաև
Ավելի վաղ, Եվրախորհուրդը հայտարարել էր, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։ Բրյուսելը եւ եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը, մասնավորապես, չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հակասող օրենքները, նրանց թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
«Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ», օրերս հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ «Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու եւ մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարեւորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի եւ Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է», – հավելել էր Կոբախիձեն: «Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է», ընդգծել էր Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը:
Հատկանշական էին անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները` Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա բարձր էր գնահատել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը եւ ասել՝ զարմացած է վերջերս ընդունված օրինագծերի հետ կապված ցուցաբերած խիզախությունից, այն «քաջությունը», որով վրացական իշխանությունները պաշտպանել են իրենց դիրքորոշումը։ Պուտինը նաեւ հարկ էր համարել նշել, թե Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, չի միջամտում Վրաստանի ներքաղաքական գործընթացներին։ «Պաշտոնական մակարդակով մենք չենք խառնվում ներքաղաքական գործընթացներին, մենք ընդհանրապես չենք պայքարում, ուղղակի չենք դիպչում դրան։ Ինչ վերաբերում է Արեւմուտքի միջամտությանը, ապա նույնը չեմ կարող ասել մեր արեւմտյան «կոլեգաների» մասին»,- Աստանայում ասել էր Պուտինը:
Իրակլի Կոբախիձեի աղմկահարույց հայտարարությանն անմիջապես արձագանքեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, փաստելով, որ` «ավարտվեց Եվրոպայից դեպի Ռուսաստան մեկնարկած երթը». «Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ սեփական ժողովրդի, իր անցյալի ու ապագայի, մեր ապագայի դեմ, քանի որ այդ ճանապարհին չկա Վրաստանի պետականություն, չկա անկախություն, չկա ապագա, բացի Ռուսաստանից»։
Ժամեր անց այս իրադարձություններից` նոյեմբերի 28-ին, Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի ալիք բարձրացավ։ Ցուցարարները համարում են, որ իշխանությունների որոշումը դավաճանություն է երկրի շահերին եւ Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան եւ ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։
Նույն օրն արդեն հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ 45 աշխատակիցներ դատապարտել են ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու որոշումը: Այդ գիշերը Վրաստանի մայրաքաղաքում խաղաղ չէր։ Այն բանից հետո, երբ Թբիլիսիի Ռուսթավելիի փողոցում բազմահազարանոց բազմություն էր հավաքվել, հատուկջոկատայինները Ազատության հրապարակից սկսեցին շարժվել դեպի ցուցարարները, որից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, բախումներ սկսվեցին իրավապահների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները նախ արցունքաբեր գազ էին կիրառել ցուցարարների նկատմամբ, ջրցան մեքենայով հետ էին մղել ցուցարարներին, ապա` բռնի ուժով բերման էին ենթարկել նրանց, այնուհետեւ, ցրել ինքնաբուխ ցույցը: Մի քանի օր է՝ ցուցարարներն այսպես հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Իրավիճակը լարվում է, այնուհետեւ ուժայինները ցրում են ցույցը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մտահոգություն էր հայտնել Վրաստանում ցույցերի ժամանակ իրավապահների գործողությունների առիթով` նշելով, որ «խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների, մահակների օգտագործումը խախտում է խաղաղ հավաքների ազատությունը»։ Հայտարարության մեջ նշված է, որ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, իսկ խաղաղ հավաքների իրավունքը ազատություն է, որը բոլոր ժողովրդավարական հասարակությունների հիմքն է, եւ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները պարտավոր են ապահովել, որ յուրաքանչյուր ոք ունենա խաղաղ հավաքների եւ ցույցերի իրավունք:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, հետեւաբար երդմնակալությունը չի կայանա, նրա մանդատը կշարունակվի մինչեւ նոր խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։ Նկատենք, որ Վրաստանի իշխող ուժը նախագահի պաշտոնում առաջադրել է ծայրահեղ աջ հայացքներով քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։ «Ես լինելու եմ քաղաքական գործընթացների գլխին՝ մնալով ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան, հետեւաբար ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, ուստի չի կարող լինել երդմնակալություն»,- նշել էր նա։
Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ պիտի ընտրի 300 հոգուց բաղկացած ընտրիչների հանձնաժողովը, որում 150-ը նորընտիր խորհրդարանի պատգամավորները պետք է լինեն, իսկ 150-ը՝ մարզային պատվիրակներ։ Դեկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է՝ դեկտեմբերի 14-ին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Նա հայտնել է, որ նշանակվել են 12 նախարարներ, դրանով իսկ` «ավարտվել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձեւավորումը»: Կոբախիձեն շեշտել է՝ Զուրաբիշվիլին պետք է իր ժամկետի ավարտին լքի նախագահական նստավայրը։
Վրաստանի չորս ընդդիմադիր ուժերը՝ «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան» միավորումները եւ «Վրաստանի համար» կուսակցությունը համատեղ հայտարարություն էին տարածել` նշելով, որ ստեղծված իրավիճակից ելքը նոր ընտրությունների անցկացումն է միջազգային ներգրավվածությամբ, նոր ընտրական վարչակազմի եւ քաղաքականապես չեզոք իրավապահ եւ պետական այլ կառույցների պայմաններում։ Նրանք դատապարտել էին քաղաքացիների նկատմամբ զինված հատուկջոկատայինների բռնությունները եւ պահանջում ազատ արձակել բերման ենթարկվածներին: Նրանք միջազգային հանրությանը կոչ էին արել դատապարտել համակարգված բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, հստակ հայտարարություններ անել գողացված ընտրությունների արդյունքները չճանաչելու եւ արդյունավետ հակաքայլեր ձեռնարկելու մասին. «Մեր պայքարը միասնական է եւ կշարունակվի մինչեւ վրացական ժողովրդավարության հաղթանակն ու նրա եվրոպական հեռանկարը»:
Վրաստանյան վերջին օրերին իրադարձությունների թերեւս ամենակարեւոր փաստը իշխանության ներսում ճաքերի մասին ստացվող տեղեկություններն էին:
Այսպես, հայտնի դարձավ, հրաժարական տված դիվանագետների շարքում էր ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին: Հրաժարական է տվել նաեւ արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան: Նիդեռլանդներում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան եւս իր հրաժարականի մասին հայտարարություն է արել։ Նույնը` Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան: Պետական եւ մասնավոր մի շարք կազմակերպություններ եւս դատապարտել էին Եվրամիության հետ բանակցությունների դադարեցումը։
Չուշացավ նաեւ Վաշինգտոնի արձագանքը: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դադարեցնելով Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը եւ Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար, նշվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության մեջ:
Պետդեպի ամենակարեւոր ընդգծումը թերեւս հետեւյալն էր, որ «Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը մինչեւ 2028-ը կասեցնելու որոշումը հակասում է վրաց ժողովրդին՝ Սահմանադրությամբ ամրագրված խոստմանը՝ ձգտել լիարժեք ինտեգրվել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին։ «Վրաստանի ժողովուրդն աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը: Միացյալ Նահանգները դատապարտել էր ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, որոնք փորձում են օգտվել հավաքների եւ արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ ցույցերի ազատությունը: Կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիայի խաղաղ բնույթը», – ասվում էր հայտարարության մեջ: Վաշինգտոնը Վրաստանի կառավարությանը կոչ էր արել վերադառնալ եվրատլանտյան ուղի, անցկացնել թափանցիկ հետաքննություն խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումների վերաբերյալ եւ չեղարկել հավաքների ու արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները:
Այդպիսով, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում էր Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ նշվում էր, որ «Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:
Վաշինգտոնից վերոնշյալ գնահատականներին Թբիլիսին այսպես պատասխանեց` Վրաստանի իշխանությունները կխոսեն միայն ԱՄՆ նոր վարչակազմի հետ: «Դուք տեսնում եք, որ գործող վարչակազմն առավելագույնս փորձում է հնարավորինս ծանր ժառանգություն թողնել Թրամփի իշխանությանը։ Նրանք դա անում են Ուկրաինայի եւ Վրաստանի հարցում», կարծիք էր հայտնել Իրակլի Կոբախիձեն:
Համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը եւ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին։ Եվրամիությունը կանգնած է Վրաստանի ժողովրդի եւ նրա ընտրության կողքին՝ ունենալ եվրոպական ապագա: Եվրամիության մուտքի դուռը բաց է մնում, իսկ Վրաստանի վերադարձը եվրոպական արժեքներին եւ Եվրամիությանն անդամակցելու ուղին Վրաստանի ղեկավարության ձեռքերում է, ասվում է հայտարարության մեջ: Եվրամիությունն ափսոսանք է հայտնում մինչեւ 2028-ը Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից եւ Եվրամիության ֆինանսական օգնությունից հրաժարվելու «Վրացական երազանք»-ի որոշման կապակցությամբ։ «Այս հայտարարությունը ցույց է տալիս շեղում Վրաստանի բոլոր նախորդ կառավարությունների քաղաքականությունից եւ վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության եվրոպական ոգուց, ինչն արտացոլված է Վրաստանի Սահմանադրության մեջ»,- նշված է հայտարարության մեջ:
Կայա Կալասը եւ Մարտա Կոսին արձագանքել են Վրաստանի քաղաքացիների բողոքին եւ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնի վերաբերմունքին` նշելով, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է բռնությունը բողոքի խաղաղ մասնակիցների նկատմամբ, որոնք ամուր կանգնած են իրենց եվրոպական եւ ժողովրդավարական ապագայի համար:
Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան հայտարարել են Վրաստանում բողոքի ակցիաները ուժային եղանակով ճնշմանը առնչություն ունեցողների հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին, նշել են Բալթյան հանրապետությունների արտգործնախարարներ Բայբա Բրաժեն (Լատվիա) եւ Մարգուս Ցահքնան (Էստոնիա): «Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր ճնշել են բողոքի ակցիաները Վրաստանում: Ժողովրդավարության հակառակորդները եւ մարդու իրավունքները խախտողները չեն ողջունվում մեր երկրներում»,- ասված է գրառման մեջ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 03.12.2024