Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից. «Փաստ»

Դեկտեմբեր 03,2024 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով: Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։ Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։ Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։ Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։ Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։ Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։ Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։ Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031