Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել արտաքին բախումների թատերաբեմ դառնալուց

Դեկտեմբեր 03,2024 10:00

Վրաստանում վերջին սրացումների անմիջական առիթն այդ երկրի կառավարության որոշումն էր՝ հրաժարվել Եվրամիության անդամության բանակցություններից՝ հետաձգելով դրանց վերսկսումը մինչեւ 2028 թվականը: Ես այդ փաստը, եթե հաշվի չառնենք համատեքստը, ցավալի եմ համարում, որովհետեւ պատմական հեռանկարում (20-30 տարի հետո) Հայաստանը նույնպես տեսնում եմ ԵՄ կազմում, եւ դա, բնականաբար, ավելի հեշտ կլինի անել, եթե ունենանք այդ կազմակերպության անդամ հարեւան, որի հետ մեր հարաբերությունները բարեկամական են:

Բայց դիտարկել այսօր հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր քաղաքական համատեքստից դուրս, հնարավոր չէ: Եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերը հզոր աջակցություն են ստանում Արեւմուտքից: Ստանդարտներն, ինչպես միշտ, երկակի են. Վրաստանում ոստիկանական բռնությունները դատապարտելի են, իսկ Հայաստանում՝ ողջունելի՝ «նա մեր շանորդին է» հայտնի սկզբունքով:

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն այդ ցույցերը հովանավորող շրջանակներին դուր չեն գալիս, եւ նրանք պահանջում են նոր ընտրություններ: Դեռ Հայաստանը մի կողմ թողնենք եւ հարցնենք՝ իսկ Ադրբեջանում անցկացվող «ընտրություններն» այդ կառույցներին դո՞ւր են գալիս: Ընդհանրապես ալիեւյան կարծր ավտորիտար ռեժիմից, որը, բացի ամեն ինչից, վերջերս էթնիկ զտում է անցկացրել, նրանք դժգոհություններ չունե՞ն: Թե՞ 120 հազար մարդու իրենց տներից քշելն այդ շրջանակների համար OK է՝ միայն թե ռուսները դուրս գան Հարավային Կովկասից:

Վրաստանի կառավարությունը, որքան հասկանում եմ, ցանկանում է իր երկիրը աշխարհաքաղաքական բեւեռների բախման թատերաբեմ չդարձնել՝ չեն ցանկանում, որ լինի այն, ինչ տեղի է ունենում, մասնավորապես, Ուկրաինայում եւ Սիրիայում: Հիշեցնեմ, որ ձեռնարկվող քայլերի կողքին Կոբախիձեի կառավարությունը չի շտապում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բնականաբար, ինչ-որ բան ձեռք բերելու համար պիտի նաեւ ինչ-որ բան կորցնես: Ճի՞շտ են, արդյոք, այդ հաշվարկները, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բայց քիչ թե շատ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ եթե այս նոր «մայդանը» հաջողի, իրավիճակը տարածաշրջանում ավելի կսրվի:

Ցավոք, Հայաստանի կառավարությունը չի էլ փորձում խուսափել Ռուսաստան-Արեւմուտք պայքարի թատերաբեմ դառնալու վտանգից: Դրա դրսեւորումներից մեկն այն է, որ պաշտոնական քարոզչությունը (որը շատ վատ քողարկված է «արեւմտամետներ» եւ «հ/կ»-ներ անունների տակ) շարունակում է աշխատել հակասությունները սրելու ուղղությամբ:

…Արեւմտյան Եվրոպան եւ Միացյալ Նահանգներն, իհարկե, գերադասելի են պուտինյան Ռուսաստանից՝ որպես երկրների ներսում կյանքը կազմակերպելու մոդելներ: Բայց որպես արտաքին քաղաքականության սուբյեկտներ՝ նրանց միջեւ մեթոդների առումով որեւէ տարբերություն չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031